Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսն այսօր ժամանել է Անկարա, որտեղ նրան ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մեծապես աջակցում է ԴԱԻՇ-ի դեմ պայքարին:
Նրա խոսքով՝ Թուրքիան ԴԱԻՇ-ի թիվ մեկ թիրախում է, քանի որ Թուրքիայից արտաքսվել է մոտ 4000 մարդ: Խոսելով հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի մասին՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի Թուրքիայի եվրոպական դաշնակիցները նույն կերպ դատապարտեին ռազմական հեղաշրջման այդ փորձը:
Ընդգծվում է, որ Լինկյավիչուսը ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրների թվում առաջին երկրի արտգործնախարարն է, որը ռազմական հեղաշրջման փորձից հետո այցելել է Թուրքիա:
Լինկյավիչուսը Չավուշօղլուի հետ քննարկել է նաև Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, Վարշավայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, Ռուսաստանի հետ հարաբերությունները, Ուկրաինայում ու Սիրիայում տիրող իրավիճակները:








































