Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վերջին 14 տարում արտահանման ծավալն աճել է 4 անգամ:
«Առևտրի ծավալը մենք հասցրել ենք 350 միլիարդ դոլարի, մեծացրել ենք այն երկրների թիվը, որոնց հետ առևտուր ենք իրականացնում:
2015 թվականին ԵՄ երկրների հետ մեր արտահանման ծավալը կազմել է 64 միլիարդ դոլար, իսկ Եվրոպայի մյուս երկրների հետ՝ 14 միլիարդ դոլար: Ասիական երկրներ արտահանման ծավալը կազմել է 42 միլիարդ դոլար:
2002 թվականին Հարավային Ամերիկա արտահանման ծավալը կազմել է ընդամենը 120 միլիոն դոլար, իսկ 2015 թվականին այն աճել է 11 անգամ՝ հասնելով 1.3 միլիարդ դոլարի»,- հայտնել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ Բինալի Յըլդըրըմի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը Թուրքիայում իշխանության է եկել 2002 թվականի աշնանը:







































