ՊՊԾ գնդի գրավումից, երկու շաբաթ տևած լարվածությունից և հուլիսի 31-ի հանգուցալուծումից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքը մտել է մի նոր փուլ, որը սակայն ոչ միայն դուրս չի եկել գնդի գրավման իրողության ազդեցությունից, այլև թերևս էլ ավելի խոր է հայտնվելու դրա տակ: Այդ ազդեցությունը կտարածվի արդեն «Սասնա ծռերի» գործի միջոցով, իրավաքաղաքական ընթացքի տարբեր դրվագներով:
Այս իրավիճակը ներքաղաքական դաշտում անկասկած առաջ է բերել համընդհանուր շփոթություն: Ընդ որում՝ ոչ միայն քաղաքական ուժերի մոտ, որոնք ակնհայտորեն պատրաստ չէին և մինչ այժմ պատրաստ չեն հուլիսի 17-ին տեղի ունեցածին որևէ այլընտրանքային օրակարգ հակադրելուն, նույնիսկ 31-ի հանգուցալուծումից հետո: Ակնհայտ շփոթության մեջ է նաև ներիշխանական համակարգը: Խնդիրն այն է, որ այստեղ շատ լավ են հասկացել «Սասնա ծռերի» գործողության զինված դիմակայությունից արդեն իրավաքաղաքական դիմակայության և «ռազմագերության» տրանսֆորմացիայի ամբողջ վտանգը: Եթե զինված դիմակայության փուլում վտանգը անմիջականորեն կախված էր Սերժ Սարգսյանի գլխին, և խնդիրը ավելի շուտ հենց նրանն էր՝ որպես իշխանության առաջին դեմքի, որպես անձի, որի հետ գիտակցաբար թե ենթագիտակցաբար ասոցացնում են ամբողջ համակարգը, ապա հուլիսի 31-ի հանգուցալուծումից հետո արդեն ոչ զինված, սակայն վտանգը կախված է արդեն իշխանական համակարգի վրա, քանի որ «Սասնա ծռերի» գործը հնարավորություն է ընձեռում այնպիսի հունով տանել ներքաղաքական զարգացումները, որը դուրս է ավանդական հարաբերությունների համակարգից:
Խնդիրը այն է, որ ավանդական համակարգում իշխանական տարբեր խմբավորումները, տարբեր բևեռներն ու թևերը իրենց անհատական խաղն էին խաղում տարբեր ընդդիմադիր ուժերի հետ, ըստ այդմ՝ այդ խաղում քայլեր կատարելով միմյանց դեմ՝ իհարկե ընդդիմադիր ուժերի միջոցով: Դրա դրսևորումն էր օրինակ այն, որ Հայաստանում ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը հիմնականում ուներ իր «ուրույն» թիրախները: Մեկը կենտրոնացած էր հիմնականում մի անձի կամ անձանց շրջանակի վրա, մյուսը՝ մեկ այլ, երրորդը՝ մեկ ուրիշ, և այլն:
Դա պայմանավորված էր նրանով, թե ընդդիմադիր տվյալ ուժը իշխանական հատկապես որ թևի հետ էր գործարքի մեջ: Ի՞նչ է փոխում «Սասնա ծռերի» գործը հարաբերությունների այս համակարգում: Սահմանում է հասարակական պատկերացումների, ակնկալիքների, չափորոշիչների բոլորովին նոր հարթություն, նոր նշաձող, որը անկասկած առավել ուժեղ և ազդեցիկ է, քան այն, ինչ մինչև այդ առաջարկում էին քաղաքական ուժերը հասարակությանը՝ թեկուզ ամենաանկեղծ մղումով, ինչը նրանցից մի քանիսի դեպքում գրեթե կասկածի ենթակա չէ: Այդուհանդերձ, «Սասնա ծռերը» սահմանել են ավելի ազդեցիկ մի նիշ, քան այն, ինչ մինչ այդ բոլոր ընդդիմադիր ուժերը: Այդ նոր նիշը միգուցե ավելի ազդեցիկ է զուտ զգայականության առումով, ավելի շատ արժանացել է էմոցիոնալ, քան պրագմատիկ վերաբերմունքի և արձագանքի, բայց դա չի փոխում իրերի դրությունը և համենայնդեպս շատ մեծ է հավանականությունը, որ չի էլ փոխի գոնե մինչև խորհրդարանի ընտրություն: Իսկ այդ հանգամանքն էապես արժեզրկում է ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերի «բաժնետոմսերը»: Իսկ քանի որ այդ «բաժնետոմսերի» հիմնական սպառողները, տնօրինողները առավելապես ներիշխանական թևերն էին, իշխանության տարբեր խմբերը, բևեռները, ապա կստացվի, որ զգալիորեն նվազում է նրանց կապիտալը, փաստորեն՝ նրանք պահում են զգալի էժանացած «արժեթղթեր»: Ընդ որում՝ մեծ է հավանականությունը, որ «Սասնա ծռերի» գործի դատավարության ընթացքում այդ արժեթղթերի գինը կշարունակի նվազել: Նման դեպքերում արժեթղթեր պահողները կամ շտապում են օր առաջ ազատվել դրանից, կամ եթե պահում են, ապա ամեն օր կորցնում են նորանոր կապիտալ:
Այդպիսով, «Սասնա ծռերի» գործի առկայությունը ստեղծում է մի վիճակ, երբ էապես կապիտալազրկվում են, այսպես ասած, ընդդիմադիր ուժերն ու իշխանական տարբեր բևեռներն ու թևերը: Այդպիսով խզվում է նաև նրանց միջև կապը կամ թուլանում: Իսկ դա արդեն իշխանության կենտրոնին, տվյալ դեպքում Սերժ Սարգսյանին, տալիս է այդ թուլացող կապի երկու ծայրում գտնվող սուբյեկտներին առավել արդյունավետ հետևելու և կառավարելու հնարավորություն: Ահա թե ինչու, «Սասնա ծռերի» հուլիսի 17-ի քայլի հանգուցալուծումից հետո վտանգի զգացումը Սերժ Սարգսյանի վրայից տեղափոխվել է ներիշխանական մեծ ու փոքր թևեր և բևեռներ՝ այդ շրջանակներում առաջ բերելով ակնհայտ շփոթություն: Հատկապես ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին գաղափարի հռչակումից հետո:
Ոչ ոք չգիտի, թե ինչքան հավատարիմ կմնա Սարգսյանն այդ գաղափարին, ինչքանով է դա նրան բնորոշ «քաղաքական բլեֆ», և ինչքանով է «ջենտլմենական» առաջարկ: Այդ անորոշությունը վտանգավոր չէր, կառավարելի էր, վերահսկելի էր, երբ իշխանության տարբեր թևերը հանդիսանում էին ընդդիմադիր տարբեր ուժերի արժեթղթերի գնորդներ և ունեին որոշակի կապիտալ: Բայց կապիտալազրկման ներկայիս և ըստ երևույթին՝ տևական գործընթացի պարագայում անորոշությունը դառնում է վտանգավոր:









































