Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի երկարամյա տնօրեն Գնել Ռոստոմյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամայնանն իրեն աշխատանքից ազատել է ընտրությունների ժամանակ «ՀՀԿ-ի օգտին չաշխատելու համար»:
Ռոստոմյանը չի հերքել, որ ինքն ընտրությունների ժամանակ աշխատել է հանրապետական կուսակցության օգտին՝ քարոզչական աշխատանքներ է տարել դասաժամերից հետո և դպրոցից դուրս․ – «Ես Հանրապետական կուսակցության հնաբնակներից եմ: Ինչպես եք պատկերացնում, կարո՞ղ էի չաշխատել իմ կուսակցության համար»:
Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Գնել Ռոստոմյանն աշխատանքից չի հեռացվել, որ նա ժամանակավոր պաշտոնակատար է եղել և 2-3 անգամ ձախողել է տնօրենների հավաստագրման քննությունները, հանձնել է միայն երրորդ փորձից:
Դպրոցի տնօրենը վիրավորված է մարզպետից, գյուղապետից և հարազատ կուսակցությունից, որ տարիների իր աշխատանքն այդպես են գնահատում:
«Ողջ կյանքում աշխատել եմ ու այսօր ապրում եմ խրճիթում, սա է իմ կյանքը», – ասել է տնօրենն ու դեսպանատներից հերթական անգամ բանավոր ապաստան խնդրեց:
Գնել Ռոստոմյանն ասել է, որ եթե ամեն ինչ այսպես շարունակվի՝ ապաստան խնդրելու իր նամակը կփոխանցի Հայաստանում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին: Իր և իր ընտանիքի անվտանգության համար այսօր նա վախենում է:
Տեղեկացնեմ, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մեր հեռախոսազրույցն ընդհատել է՝ նշելով, որ խորհրդակցության է և հետո այդպես էլ չի պատասխանել է մեր զանգերին:









































