Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը հանդես է եկել Իտալիայի խորհրդարանի աշխատանքի դադարեցման նախաձեռնությամբ՝ ժողով անցկացնելու նպատակով, որի ընթացքում քննարկելու է իր առաջնորդի շուրջ Mediaset-ի գործով ստեղծված իրավիճակը:
Սկզբում քաղաքական գործիչները ցանկացել են դադարեցնել Պատգամավորների պալատի ու Սենատի աշխատանքը երեք օրով, սակայն ավելի ուշ մեկօրյա դադար են խնդրել: Այս մասին հայտնում է Rai News24-ը:
Պատգամավորների պալատում «Ազատության ժողովրդի» խմբակցության ղեկավար Ռենատո Բրունետտան հայտարարել է, որ ժողովի անցկացման մասին որոշումն ընդունվել է Mediaset-ի գործով հուլիսի 30-ին լսումներ անցկացնելու Վճռաբեկ դատարանի որոշումից հետո:
Սենատում Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լուիջի Զանդան իր հերթին հայտարարել է, որ խորհրդարանի աշխատանքը չի կարող դադարեցվել Բեռլուսկոնիի կողմնակիցների ցանկությամբ: Նա նշել է, որ Բեռլուսկոնիի կողմնակիցները կարող են բաց թողնել աշխատանքը՝ իրենց խորհրդակցությունների անցկացման համար, սակայն ողջ խորհրդարանի աշխատանքն, անշուշտ, դադարեցվել չի կարող:
Mediaset-ի գործով առաջին ատյանի դատարանը անցած տարվա աշնանը Բեռլուսկոնիին դատապարտել էր 4 տարվա ազատազրկման: Բանն այն է, որ 2002-2005 թվականներին, ինչպես պարզել է քննությունը, նրա մեդիա կորպորացիան ֆինանսական խարդախություններ է կատարել ամերիկյան ֆիլմերի ցուցադրման իրավունքները գնելիս:
Այլ ատյաններում ձախողված բողոքարկումը ներկայում Վճռաբեկ դատարանում է:







































