Հալեպն արդեն մեկ շաբաթ է, ինչ շրջափակման մեջ է: Փակված են Հալեպի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր ճանապարհները, քաղաք հնարավոր չէ ո՛չ մուտք գործել, ո՛չ այնտեղից դուրս գալ:
«Առաջին լրատվական»-ը կապվեց Բերիո թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանի հետ, ով մեզ տեղեկացրեց, որ քաղաքում վիճակը գնալով դժվարանում է, համատարած թանկացումներ են, խանութներում եղած պարենն էլ արդեն վերջանալու շեմին է. «Շուկաներում համատարած թանկացումներ են, անհրաժեշտ կարիքները հոգալը գրեթե անհնար է, դեղորայքի մուտք չկա»:
Նա նշեց, որ մարդիկ թանկացումների պատճառով չեն կարողանում սնունդ գնել: Հիմա մակարոնը մսի գին ունի. «Ժողովուրդն այսպես չի կարող երկար ապրել: Տեղեր կան, որտեղ անգամ տասն օր է, ինչ ջուր չկա: Մարդիկ դեռևս ապրում են եղածով, սակայն հավատը չեն կորցնում»:
Քաղաքում հատկապես դժվար է հացի հարցը լուծել: Մարդիկ օրերով փռերի մոտ հերթ են կանգնում, շատ հացի փռեր չեն աշխատում, մյուսները հացի գները կրկնակի և եռակի թանկացրել են:
Ժիրայր Ռայիսյանն ասաց, որ Հալեպում արդեն մի քանի օր է, ինչ սիրիական Կարմիր մահիկը չի կարողանում բուժօգնություն ցուցաբերել: Կարմիր խաչի կոմիտեից եկող օգնությունն անհնար է մտցնել քաղաք և օգնություն ցույց տալ վիրավորներին:
Անհնար է քաղաքում երթևեկելու համար մեքենա վարձել, որովհետև, ինչպես նշեց մեր զրուցակիցը, վառելիքի գները չափազանց բարձրացել են. «Եթե սիրիական այլ քաղաքներում մեկ լիտր բենզինն արժե 80 ֆունտ, Հալեպում այսօր արդեն 1300-1400 ֆունտն անցել է: Այսինքն՝ նույնիսկ եթե կան մեքենաներ, նրանց գործածությունն անհնար է»,- նշեց նա:
Քաղաքում ամեն րոպե կարող է պայթյուն լինել, և արդեն ոչ ոք պատասխանատու չէ, եթե ինչ-որ մեկը վիրավորվի կամ սպանվի: Ժիրայր Ռայիսյանը մեզ տեղեկացրեց, որ քրիստոնեաբնակ շրջաններն այժմ ավելի ապահով են, և հույս հայտնեց, որ քաղաքը շուտով դուրս կգա շրջափակումից. սիրիացիները դեռևս հույսը չեն կորցնում:







































