«Քինդ Դե Լյուքս» ուղևորափոխադրող ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանն այսօր Հանրապետության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իր և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները հիմա լավ են: Նա չհերքեց նախկինում իր հնչեցրած կոպիտ արտահայտությունները Գագիկ Ծառուկյանի հասցեին, այդուհանդերձ՝ «Պալաչ»-ը, իր խոսքերով՝ բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունի:
Հարցին, թե բարեգործական երթուղիները արդյոք չե՞ն խանգարի իր ընկերության կողմից ներկրված նոր ավտոբուսներին, Արթուր Հարությունյանը պատասխանեց. «Լյուբոյ բիզնեսի մեջ, եթե մի բիզնես մարդ բացում է ու անվճար բան է դնում, ուրեմն չի խփո՞ւմ: Այս ավտոբուսները միայն մեզ չեն օգնում, օգնում են մեր ազգաբնակչությանը հարմարավետ տեղափոխվել:
Ի դեպ, նոր ավտոբուսները սպասարկելու են Աբովյան-Երևան թիվ 259 երթուղին, իսկ դրանցից 5-ը ուղևորափոխադրումներ են իրականացնելու դեպի Ռուսաստանի Դաշնություն»։
Արթուր Հարությունյանը նշեց, որ դրանց գինը նախկինից չի տարբերվի, եթե տրանսպորտի գնի թանկացման հետ կապված ընդհանուր որոշում չլինի. «Ես ոչ մեկի դեմ չեմ անում, ես սա անում եմ ի շահ մեր ազգաբնակչության»:
Դիտարկմանը՝ մրցունա՞կ չեն բարեգործական երթուղայինները, Արթուր Հարությունյանը պատասխանեց. «Դա բարեգործություն չէ, դա չարագործություն է»:







































