Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Ջոն Կիրբին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է իսլամական հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման խնդրին:
Կիրբիի խոսքով՝ ԱՄՆ պետդեպարտամենտը կարծում է, որ Գյուլենի արտահանձնման գործով դատական գործընթացը կարող է երկար տևել. «(Գյուլենի) արտահանձնման հարցով դատական գործընթացը կարող է լինել երկարատև: Սովորաբար մենք չենք քննարկում արտահանձնման կոնկրետ դեպքերը: Սա, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, բացառիկ դեպք է»:
Կիրբին դրա հետ մեկտեղ հայտարարել է, որ ոչինչ չգիտի այն մասին, թե արդյոք ԱՄՆ արդարադատության նախարարությունը Թուրքիայի կառավարությունից ստացե՞լ է իսլամական գործչին արտահանձնելու մասին երկրորդ դիմումը, թե՞ ոչ. «Ես չեմ լսել երկրորդ դիմումի մասին: Հետագա մանրամասների համար պետք է դիմել արդարադատության նախարարությանը»:







































