Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հաստատել է aravot.am-ի այն տեղեկությունները, որ հունիսի կեսերին Մոսկվայում ձերբակալվել է Մոսկվայի հայ համայնքի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Ասատրյանը (լուսանկարում): Վերջինս Հայաստանում ստեղծել է և երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի երիտասարդական կուսակցությունը, որն այնուհետև հանձնեց այդ տարիներին ընդդիմադիր երիտասարդ Վահան Բաբայանին, որն այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր է:
Կայքի տեղեկություններով, Սարգիս Ասատրյանի ձերբակալությունը եղել է գաղտնի ռեժիմով: Նրա ընտանիքի անդամները ձերբակալությունից մեկ շաբաթ անց են իմացել այդ մասին, երբ տանը խուզարկություն է իրականացվել: Ասատրյանին ձերբակալել են առանձնակի խոշոր չափերի թմրանյութ պահելու կասկածանքով: Խուզարկության ժամանակ նրա տանը նաև հսկայական քանակի թանկարժեք իրեր են հայտնաբերվել: Ասատրյանն առայժմ եռամսյա կալանքի տակ է և պահվում է Լեֆորտովոյի կալանավայրում:
Հմայակ Հովհաննիսյանն ասել է, որ այդ մանրամասների մասին ինքը հիմա չի ցանկանում խոսել: Արդեն մեկ շաբաթ է Aravot.am-ը փորձում է այս տեղեկությունը ճշտել Մոսկվայի հայ համայնքի գրասենյակից: Հիշեցնենք, որ գրասենյակի ղեկավարը Նորիկ Թևանյանն է: Մեր ձեռքի տակ ունեցած որևէ հեռախոսահամարով այդպես էլ չհաջողվեց գրասենյակի ներկայացուցիչների կամ Նորիկ Թևանյանի հետ խոսել: Մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Մեր տեղեկությունները նաև ՌԴ պաշտոնական ատյաններից հնարավոր չեղավ ճշտել: Հմայակ Հովհաննիսյանն ասել է, որ Սարգիս Ասատրյանի ձերբակալության մասին լուրն իմացել է երեկ երեկոյան` մոսկվաբնակ իր ընկերներից մեկից: Քաղաքագետը նշել է, որ լուրը մեծ ցավով է ընդունել, քանի որ ժամանակին մտերիմ է եղել Ասատրյանի հետ և, ընդհանուր առմամբ, դրական է վերաբերվում նրան:
Ամբողջական հոդվածը կարդալ aravot.am-ում:









































