«Մուսուլման եղբայրների» առաջնորդ Մուհամմեդ Բադիան ձերբակալվել է Եգիպտոսի հյուսիսային Մերսա-Մաթրուխ քաղաքում: Ինչպես հաղորդում են եգիպտական լրատվամիջոցները, նրան արդեն տեղափոխել են մայրաքաղաք:
Ավելի վաղ դատախազությունը խմբավորման առաջնորդների՝ Հեյրաթ Աշ-Շաթերի ու Մուհամմեդ Բադիայի ձերբակալման թույլտվություն էր տրամադրել: Երկուսն էլ մեղադրվում են խաղաղ ցուցարարների սպանությունը հրահրելու մեջ:
Հուրգադա քաղաքում ձերբակալված Աշ-Շաթերն ավելի վաղ Twitter-յան իր էջում գրել էր, որ եգիպտացիները չեն հանդուրժի ռազմական հեղաշրջում և իսլամիստներին կոչ էր արել դիմադրել դավադրությանը: Նա նշել էր, որ հեղափոխությունը կազմակերպվել և ֆինանսավորվել է Հոսնի Մուբարաքի վարչակարգի ներկայացուցիչների կողմից:









































