Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ բարձրագույն կրթության բնագավառում իրավիճակից դժգոհությամբ վարչապետի ելույթը չի համարում իր աշխատանքի վատ գնահատական: Աշոտյանը հայտարարել է, որ երբ Հովիկ Աբրահամյանը ներկայացնում էր նոր նախարարին՝ կոալիցիոն փաթեթով նշանակված Լևոն Մկրտչյանին, նախկին նախարար Աշոտյանի աշխատանքին տվել է բարձր և անկեղծ գնահատական:
Այսպիսով Արմեն Աշոտյանը բավականին ուշագրավ ակնարկ է անում: Նա կա՛մ ակնարկում է, որ Հովիկ Աբրահամյանը խնդիր ունի արդեն դաշնակցական նախարար Մկրտչյանի հետ, կա՛մ ընդհանրապես Դաշնակցության, կա՛մ էլ Աշոտյանն ակնարկում է, որ Աբրահամյանի «դարդը» կրթության վիճակը չէ, այլ կան ներքաղաքական կամ ներիշխանական, ներկուսակցական խնդիրներ, որոնցով պայմանավորված էլ Հովիկ Աբրահամյանը մի քանի ամիս առաջ Աշոտյանի աշխատանքը բարձր էր գնահատել, իսկ այսօր դժգոհում է ոլորտում առկա վիճակից:
Ընդ որում, այստեղ երկու շարժառիթներն էլ ունեն գոյության հիմքեր: Այն, որ Հովիկ Աբրահամյանի և Դաշնակցության հարաբերությունը, մեղմ ասած, խնդրահարույց էր դեռևս կոալիցիոն բանակցությունների սաղմնավորումից, ակնհայտ էր: Աբրահամյանը, իհարկե, լավ էր պատկերացնում, որ Դաշնակցությանը դարձնելով իշխանական բաժնետեր՝ Սերժ Սարգսյանը նվազեցնում էր իր նշանակությունն ու կշիռը այդ իշխանությունում: Եվ ըստ այդմ, պատահական չէ, որ Աբրահամյանը առիթը բաց չի թողնի ընտրական գործընթացին մոտ ավելի ու ավելի հաճախ կսմթելու Դաշնակցությանը և փորձելու օգտագործել վարչապետական դիրքերը ներիշխանական որոշակի առավելություն ձեռք բերելու համար:
Հովիկ Աբրահամյանն այս իմաստով կորցնելու բան, ըստ էության, չունի կամ չի մնում այլևս, քանի որ ակնհայտ է, որ կառավարության գործունեության արդյունքների մասով տապալումը երաշխավորված է:
Մյուս շարժառիթով Արմեն Աշոտյանը պաշտոնանկությունից հետո հավակնում է լինել ներկուսակցական ակտիվ դերակատար: Ընդհանրապես, չնայած Սերժ Սարգսյանը բավական թափանցիկ ակնարկել է մնալու մտադրության մասին, այնուամենայնիվ՝ պարզ չէ, հստակ չէ, թե ինչպես կստացվի նրա մոտ կամ առնվազն ինչ կարգավիճակով կստացվի մնալ: Եվ ըստ այդմ՝ Սարգսյանը կարող է մնալ այն տարբերակով, երբ պետական պաշտոնի հավակնել չի ստացվի և հարկ կլինի այդ պաշտոնները վերահսկել յուրային կադրերի միջոցով: Արմեն Աշոտյանն այդ իմաստով առանցքային հավակնորդներից մեկն է և ուրեմն, ըստ այդմ, նաև բարձրաստիճան կարգավիճակի հավակնություն ունեցող Հովիկ Աբրահամյանի առանցքային մրցակիցներից մեկը՝ թեկուզ անուղղակի, որի դեմքով Աբրահամյանը պետք է մրցակցի Սերժ Սարգսյանի ազդեցության դեմ:
Ավելին՝ Աշոտյանի պարագայում կա նաև մեկ այլ խնդիր: Նա բավական հաջող առաջ է մղվել միջազգային, առավել ևս՝ եվրոպական ասպարեզում, ասպես ասած՝ ԵԺԿ հետ հարաբերությունների գծով: Մի բան, որը ըստ էության այդպես էլ մնաց վարչապետի «աքիլլեսյան գարշապարը», և նա այդպես էլ չկարողացավ բավարար հենարան ձեռք բերել արտաքին ասպարեզում:









































