Այսօր՝ հուլիսի 6-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության Լոռու մարզային խորհրդի նիստով որոշվեց 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածուն. ցուցակը կգլխավորի «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր և Լոռու մարզային խորհրդի անդամ Քրիստ Հրաչիկի Մարուքյանը։
«Վանաձորի այսօրվա վիճակի պատասխանատուն, ինչպես գիտեք, ՀՀԿ-ն է, մեր հետազոտության և վերլուծությունների համաձայն՝ վանաձորցիները չեն պատրաստվում թույլ տալ, որ ևս 5 տարի նման կառավարում լինի Վանաձորում»,- այս մասին ասաց Վանաձորի քաղաքապետի թեկնածու, «Լուսավոր Հայաստան» կուսակցության Լոռու մարզային խորհրդի անդամ Քրիստ Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է Քրիստ Մարուքյանի կենսագրականը։ Քրիստ Հրաչիկի Մարուքյանը ծնվել է 1975 թվականի սեպտեմբերի 23-ին Կիրովական քաղաքում: 1992 թվականին ավարտել է թիվ 6 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը: 1997 թվականին ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, օտար լեզուներ մասնագիտությամբ` ստանալով անգլերեն և ֆրանսերեն լեզուների ուսուցչի որակավորում: Կրթությունը շարունակելու նպատակով 2005 թվականին դիմել է Բրիտանական Չիվնինգ (Chevening) կրթաթոշակների մրցույթին և, որպես մրցանակակիր, մեկնել Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն: 2006 թվականին ավարտել է Ալսթերի համալսարանի հանրային կառավարման բաժինը և ստացել Հանրային կառավարման մագիստրոսի աստիճան: 1995 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է «Ա և Լ» Բիզնես Կենտրոնում:
Որպես երրորդ կուրսի ուսանող՝ սկզբնական շրջանում կատարել է թարգմանչական և վարչական բնույթի աշխատանքներ: Հետագայում ստանձնել է զարգացման ծրագրերի ղեկավարի պաշտոնը, իսկ վերջին 3 տարիներին աշխատել որպես փոխտնօրեն: 1996 թվականից մինչև 2003 թվականը ներգրավված է եղել բոլոր համապետական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի կողմից իրականացվող դիտորդական առաքելություններում, որպես օգնական: 2000 թվականին, որպես տեղական փորձագետ, ներգրավված է եղել ՏԱՍԻՍ-ի կողմից Լոռու մարզպետարանի հետ իրականացվող Լոռու մարզի զարգացման ծրագրում:
2003 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է Համաշխարհային Ուսուցում կազմակերպության կողմից իրականացվող ՀԿ հզորացման ծրագրում, նախ որպես վարչական օգնական, այնուհետև՝ որպես ծրագրի ղեկավար: 2004 թվականի նոյեմբերին մասնակցել է «3ԱՐ Ստրատեգիա» խորհրդատվական ընկերության կողմից իրականացվող «Շուկայական կապերի ներուժի գնահատման» աշխատանքներին, որպես փորձագետ: 2005 թվականին աշխատել է Միկրո-ձեռնարկությունների զարգացման նախաձեռնությունում, որպես հյուսիսային գրասենյակի տնօրեն և Շիրակի, Լոռու ու Տավուշի մարզերի բիզնես-խորհրդատուների թիմի ղեկավար:
2007 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է «Էյչ-Էս-Բի-Սի» բանկում, որպես մասնաճյուղի կառավարիչ և անհատական ֆինանսական ծառայությունների վերլուծաբան: 2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է Կոնվերս բանկում, որպես «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչ: 2010 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է «Բիբլոս Բանկ Արմենիա» բանկում, որպես «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչ: Բանկային համակարգում աշխատելու տարիներին կառավարել է 1 միլիարդ ՀՀ դրամը գերազանցող վարկային և ավանդային պորտֆելներ, բարձրացրել հաճախորդների սպասարկման որակը, ներդրել արդյունավետ կառավարման և վերահսկման համակարգեր, ստեղծել և զարգացրել գործընկերային հարաբերություններ: 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի հունիս ամիսը աշխատել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամում, որպես ՍՄԱՐԹ նախաձեռնության Լոռու մարզի ներկայացուցիչ:
Մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների և փոխանակման ծրագրերի Հունաստանում, ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, Լեհաստանում, Լիբանանում և Հոլանդիայում: Որպես փորձագետ, ներգրավված է եղել տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերում, ինչպես նաև եղել է կառավարման խորհրդի անդամ: 2015 թվականի դեկտեմբերից «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ է: Բացի մայրենի լեզվից, տիրապետում է անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին: Ունի խորը համակարգչային և ՏՏ գիտելիքներ ու հմտություններ: Հետաքրքրվում է լուսանկարչությամբ, զբաղվում սպորտով, սիրում է ճամփորդել: Ամուսնացած է, ունի երկու երեխա: Լուսավոր Հայաստան կուսակցություն









































