Այսօր Երևանում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հարցին, հայտարարել է, որ այդ առնչությամբ ինքը ՌԴ ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ մեկնաբանություն արել է ու զարմացած է, որ այն խեղաթյուրվել է, այդ թվում՝ լրագրողների կողմից:
«Մենք ոչ միայն հարգում ենք, այլև աշխատում Հայաստանի հետ ՄԱԿ-ի միջազգային հարթակում՝ նացիզմի հերոսացման որևէ հնարավորություն թույլ չտալու համար, զգում ենք այս հարցում մեր հայ գործընկերների հուսալի թիկունքը: Այստեղ չի կարող լինել որևէ երկակի ստանդարտ»,- ասել է նա՝ արդյունավետ գնահատելով այս ուղղությամբ Երևանի հետ աշխատանքը։
«Իսկ արձանի տեղադրման հետ կապված կարող եմ ասել, որ դա, անշուշտ, Հայաստանի ներքին գործն է»,- ասել է Զախարովան՝ խնդրելով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին իր խոսքը մեջբերել բառացի, որպեսզի այն չաշխատի հօգուտ նրանց, ովքեր Հայաստանի բարեկամները չեն։







































