Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին բնական է համարել, որ Վրաստանի նման փոքր երկրները ձգտում են կայունության խորացմանը: Մարգվելաշվիլին այդպես է պատասխանել Գերմանիայի Հանրային հեռարձակողի հարցին՝ «Դեպի ԵՄ ձգտումը հասկանալի է, սակայն ինչո՞ւ ՆԱՏՕ, մի՞թե վախենում եք Ռուսաստանից կամ կա ա՞յլ պատճառ»:
Ինչպես նկատել է Մարգվելաշվիլին, ուրախ է, որ Վրաստանը համարվում է Արևելյան Եվրոպայի երկիր, և որ հասկանալի են դեպի ԵՄ Վրաստանի ձգտումները. «Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա այստեղ, իմ կարծիքով, պատասխանը բավական պարզ է. ՆԱՏՕ-ն անվտանգության ամենակայուն ձևաչափն է, որի շրջանակներում միավորվում են մեր արժեքներին մոտ արժեքներով երկրներ:
ՆԱՏՕ-ն Վրաստանի համար բնական ընտրություն է: Մենք այդ մշակութային ու քաղաքակրթական միջավայրի անդամներն ենք, և այդ հարթությունում առավել կայունություն կարող է ապահովել ՆԱՏՕ-ն:
Բնական է, որ փոքր երկրները, ինչպիսին է Վրաստանը, այն էլ՝ նման ռազմավարական ու բարդ տարածաշրջանում, ձգտում են իրենց գործընկերների հետ համատեղ կայունության խորացմանը»:







































