ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կարծում է, որ դաշինքի և ԵՄ-ի համագործակցությունը հավելյալ նշանակություն է ձեռք բերել այն բանից հետո, երբ Բրիտանիան հանրաքվեում կողմ է քվեարկել եվրոպական բլոկից դուրս գալուն։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ էլ ԵՄ-ն չունեն բոլոր գործիքներն այն բանի, որպեսզի լուծեն աննախադեպ խնդիրները, որոնց մենք բախվում ենք։ Բայց միասին մենք ներկայացնում ենք զգալի համագործակցություն։ Այդ համագործակցությունն ամրապնդվում է օրեցօր և ավելի կարևոր է դարձել Բրիտանիայի հանրաքվեից հետո»,- գրել է գլխավոր քարտուղարը Newsweek Europe-ում հրապարակված՝ «Brexit-ից հետո ՆԱՏՕ-ն ավելի մոտ է շարժվում ԵՄ-ին» վերտառությամբ նյութում։
Դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ հանրաքվեի արդյունքները ստիպում են անհանգստանալ ապագայի հարցում, քանի որ քվեարկության հետևանքները դեռ պարզ չեն։ Սակայն նա ապագային նայում է «վստահության զգալի չափաբաժնով»։
«Մեր համագործակցությունը խոշորագույն ռազմավարական գործընկերոջ՝ ԵՄ-ի հետ ընդլայնվում է»,- եզրափակում է գլխավոր քարտուղարը։







































