Անցած գիշեր Բեռլինի տարբեր շրջաններում երկու դեսպանատան ավտոմեքենա է այրվել, ոստիկանությունը ստուգում է հրկիզման վարկածը և պարզում է՝ արդյոք կապ կա՞ երկու դեպքերի միջև: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Մոտ 2:35-ին (մեր ժամանակով՝ 4:35) մերձակայքով անցնող ավտովարորդուհին հեռախոսով արտակարգ ծառայություններին հայտնել է, որ Գարտենշտրասսե փողոցում Mercedes Benz Vito ավտոմեքենա է այրվում: Դիվանագիտական համարանիշերով ավտոմեքենան պատկանում է Վրաստանի դեսպանատանը, մեքենան մեծապես վնասվել է, այլ մեքենաներ չեն այրվել, հայտնում է մայրաքաղաքի ոստիկանության մամլո ծառայությունը:
Երկրորդ ավտոմեքենան՝ Renault-ը, որը պատկանում է Ֆրանսիայի դեսպանատանը, հրկիզվել է Շյոնեբերգ շրջանում տագնապի առաջին ազդանշանից կես ժամ անց: Հրշեջները մարել են հրդեհը, վնասվել է մերձակայքում կայանված ևս մեկ Mercedes ավտոմեքենա:
Մեղավորներին փնտրում են, այլ մանրամասներ չեն հաղորդվում:











































