Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը պլանավորում է զգալիորեն ուժեղացնել իր հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ) հարավային ուղղությամբ:
Այդ մասին հեռուստաալիքին հայտարարել է «Հաթաբ ալ-Անբիա» ՀՕՊ-ի բազայի հրամանատար, գեներալ Ֆարզադ Էսմայիլին: Նրա խոսքով՝ ներկայումս Իրանում հաշվվում է ՀՕՊ-ի 3700 օբյեկտ:
«Համակարգը պլանավորված է բարեփոխել մոտ ժամանակներս՝ հօգուտ հարավային ուղղության ուժեղացման, որի պատասխանատվության գոտիներն են Պարսից և Օմանի ծովածոցերը:
Մենք ամեն օր վերահսկողություն ենք իրականացնում իրանական օդային տիրույթում ավելի քան 900 կանոնավոր ավիաչվերթերի հանդեպ: Նրանց մեծ մասն իրականացվում է երկրի կենտրոնական շրջաններով և մասնավորապես Սպահան նահանգով:
Ներկայումս հենց այնտեղ են կենտրոնացված ՀՕՊ-ի հիմնական ուժերը, որոնց առաջադրանքն է պաշտպանել միջուկային օբյեկտները»,- ասել է նա:
Մայիսի 10-ին Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեղհանը հայտարարել էր, որ Ռուսաստանից ստացված S-300 զենիթահրթիռային համալիրները տեղակայել է «Հաթամ ալ-Անբիա» բազայում:







































