Համայնքների խոշորացման ծրագրի առաջացրած անհանգստությունը ոսկեպարցիների միտքը հանգիստ չի թողնում։ Գյուղացիների քննարկման համար 1 թեման է։ 9-ը գյուղի հետ միավորվել, մի մեծ գյուղ դառնալ չեն ուզում։ Հակառակորդի նշանակետից 500 մետր են հեռու. նման բաժանարարով գյուղն առանց գյուղապետի չեն պատկերացնում։
Բերդավան, Բաղանիս, Ջուջևան, Ոսկեպար, Կոթի, Ոսկեվան, Դովեղ, Բարեկամավան, Նոյեմբերյան՝ Նոյեմբերյանի փնջում ընդգրկված 9 գյուղերն են։ 9 համայքի բնակիչները մի մարդու պես դեմ են գյուղերի խոշորացման ծրագրին։ Ունեն բացատրություն. սահմանի եզրին գտնվող գյուղերի գլխին դամոկլյան սրի պես կախված վտանգ կա՝ պատերազմ։ Գյուղն առանց գյուղապետի չեն պատկերացնում։
Համայնքների խոշորացման ծրագիրը ոսկեպարցիների շրջանում անպատասխան հարցերի փունջ է ստեղծել։ Ասում են՝ ամենաաննշան թղթի համար տասնյակ կիլոմետր պետք է հատեն, հասնեն Նոյեմբերյան. ոչ դրա ժամանակն ունեն, ոչ էլ միջոցները։
Մի մտավախություն էլ կա։ Ապագա ղեկավարին այսօրվանից չեն վստահում. գիտեն՝ ընտրվողը գյուղերին հավասար աչքով չի նայելու, նախ իր գյուղի, քաղաքի խնդիրն է լուծելու՝ հետո մյուսներինը։
Կենցաղային բնույթի հասարակ օգնությունից էլ հույսը կտրել են։ Գյուղապետարանի դուռը մանր հոգսերի առաջ փակվելու է։ Գիտեն՝ գյուղերում հակառակորդի դեմ մեն-մենակ են մնալու:
Ծրագիրն իրականացնողները սահմանամերձ գյուղերի բնակիչների կարծիքը հաշվի չեն առել, չեն էլ հարցրել: Ոսկեպարցիները որոշում կայացնողների վերաբերմունքից մեղմ ասած շոյված չեն։
Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը համայնքների խոշորացման ծրագրի ռիսկերն է մատնացույց անում՝ գյուղը կառավարելու դժվարությունն իմացողի դիրքից։ Գյուղերում սոցիալական անհավասարություն, շահերի բախում է լինելու։
Գյուղապետը ծրագրի բացասական հետևանքի մասին խոսելիս զգուշավոր է. պաշտոնամոլի պիտակ կփակցնեն։
Ոսկեպարի գյուղապետը հորդորում է՝ սահմանամերձ գյուղի բնակիչների նուրբ լարերի հետ խաղալիս զգույշ լինել:
Փոխարենը՝ Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, լավատես է։ Ասում է՝ համայնքների խոշորացման ծրագիրը տավուշցիների կյանքը դրական երանգով է լցնելու։
Նոյեմբերյանի ղեկավարը շեշտում է՝ տավուշցիների անհանգստությունն իզուր է։ Ծագած հարցերի պատասխանները ժամանակն է տալու։ Փոփոխությունը միայն սկզբում են սուր ընդունում, մնացածին՝ ընթացքում են վարժվելու։
Ամիրաղյանը շեշտում է՝ համայքների խոշորացումից հետո միջազգային դոնոր կազմակերպությունները համայքի բյուջեն ավելի քան տասնապատկելու են։ Շատ փողով կկարողանան մեծ խնդիրներ լուծել։
Համայնքների խոշորացման ծրագրի դրական կողմի մասին ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է խոսում։ Պատգամավորն ընդգծում է՝ ծրագրի գաղափարն աշխարհում ընդունված է, բայց Հայաստանում ռիսկերն ի հայտ են գալու այն իրականացնելու ճանապարհին։
Տավուշցիների անհանգստությունը, պատգամավորի կարծիքով՝ բացատրական աշխատանքի բացակայության պատճառով է։
Տավուշցիների պահանջը, սակայն, պարզ է՝ գյուղում ապրելու, իրենց թիկունքն ամուր զգալու համար գյուղի գլխին կանգնած ղեկավար են ուզում։








































