Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն այլևս մեծ կախվածության մեջ չէ Ռուսաստանից, ինչպես որ ավելի վաղ էր, քանի որ երկրին էներգակիրներ մատակարարելու ոլորտում ռուսական կողմի մասնաբաժինը կազմում է 10 տոկոսից էլ պակաս:
Կվիրիկաշվիլին այդ մասին հայտարարել է Թբիլիսիում տեղի ունեցած Միջազգային էներգետիկ կոնֆերանսի ընթացքում` անդրադառնալով «Գազպրոմ»-ի հետ կապված թեմաներին ու Վրաստանում ռուսական քարոզչության ուժեղացմանը.
««Գազպրոմ»-ի հետ բանակցություններ են տարվել էներգետիկ պահանջարկի 40 տոկոսանոց աճը լրացնելու շուրջ, որոնք ավարտվեցին SOCAR-ի հետ գազի ծավալի հավելյալ մատակարարումների մասին համաձայնագրով, ինչն իրականացվելու է BP խողովակաշարի միջոցով:
Այդ պատճառով էլ «Գազպրոմ»-ի հետ բանակցությունների վերաբերյալ բոլոր ելույթները եղել են քաղաքական շահարկումներ և չեն համապատասխանել իրականությանը: Վրաստանը շարունակում է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը:
Ինչ վերաբերում է ռուսական քարոզչությանը, ապա դա կարևոր մարտահրավեր է հատկապես Վրաստանում, թեև երկրի բնակչության ավելի քան 80 տոկոսն աջակցում է եվրոպական արժեքներին ու եվրաատլանտյան ձգտումներին:
Այդ թիվը շատ ավելի մեծ է` համեմատած Արևելյան Եվրոպայի յուրաքանչյուր այլ երկրի հետ, որոնք գտնվում են ՆԱՏՕ-ի հարևանությամբ և այն երկրների հետ, որոնք ունեն պլաններ և որոշակի քայլեր են ձեռնարկել դաշինքին անդամակցելու ուղղությամբ»:










































