Փախստականների հարցերով ՄԱԿ-ի վարչությունը հայտնել է, որ 2014 թվականից Միջերկրական ծովով եվրոպական երկրներ հասնելու փորձի ժամանակ ավելի քան 10 հազար ներգաղթյալներ են զոհվել։ Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը։
«2014 թվականի սկզբից, երբ ներգաղթյալները սկսեցին ավելի հաճախ ձեռնարկել Միջերկրական ծովը հատելու փորձեր, 10 հազար մարդ է զոհվել։ Վերջին օրերին այդ թիվը մեծացել է»,- հայտարարել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ադրիան Էդվարդսը։
Եվրոպան վերապրում է Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակներից ի վեր խոշորագույն միգրացիոն ճգնաժամը, որն առաջացել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում մի շարք զինված հակամարտություններից և տնտեսական խնդիրներից։ Frontex եվրոպական սահմանային գործակալության տվյալներով՝ 2015 թվականին ԵՄ է ժամանել 1.8 մլն ներգաղթյալ։









































