Քառօրյա պատերազմից հետո Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետներին համախմբեց մեկ գաղափար՝ ոլորտի արդիական ներուժը կենտրոնացնել Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ։ Մոտ երկու շաբաթ առաջ ՏՏ ոլորտի 30 ձեռնարկության 200-ից ավելի մասնագետներ առաջարկը քննարկեցին պաշտպանության նախարարության հետ և անցան գործի։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը թույլատրելիի սահմաններում բացում է քննարկումից հետո արված աշխատանքի փակագծերը։
Մասնագետի համոզմամբ՝ 3 փուլով՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ընթացող ծրագրերը անպայման ապահովելու են սպասված արդյունքը։ ՏՏ ոլորտի ձեռնարկությունների միության ղեկավարը կարևորում է ռազմական ոլորտի բացթողումները նկատելու կառավարության փորձերը։
Ամռանը զորացրվող զինվորների համար ևս առաջարկ ունեն. ՏՏ ոլորտին տիրապետելու ցանկություն հայտնող զինվորների համար կազմակերպվելու են անվճար դասընթացներ։
Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտում ներդրում կատարելու առաջարկ ունի նաև Հայաստանի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը։ Գիտնականների ներուժի և արդեն գրանցած հաջողության մասին է պատմում ինստիտուտի փոխտնօրեն Արկադի Հարությունյանը. կազմակերպում են ժանգի լուծիչ նյութի արտադրություն, որակը համեմատում են եվրոպական երկրների արտադրողների հետ: Հայ գիտնականների ստեղծածը ոչնչով չի զիջում։
Գիտնականը ցավով է նշում, որ գործարար-արտադրող-գիտնական՝ օդի պես անհրաժեշտ կապը Հայաստանում հնարավոր չի լինում կայացնել։ Դա է պատճառը, որ գիտնականների աշխատանքը չծառայելով նպատակին՝ հաճախ մնում է ստվերում։
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն անօդաչու թռչող սարքերի մշակումների և մոտալուտ փորձարկումների մասին խոսելով՝ նշում է՝ գիտնականները գիշերը ցերեկ են անում հաջողություն գրանցելու համար։
Գիտության պետական կոմիտեի նախագահը շեշտում է՝ թեև Հայաստանն ատոմային զենք չունի, բայց գիտական ներուժի առկայությունն անհերքելի է։










































