Ալթայի մարզի ավելի քան 50 ռեփերներ պատրաստում են ռեկորդային երկար թրեք շրջանում կոռուպցիայի մասին, որի միջոցով երաժիշտները փորձում են այդ խնդիրը հասցնել մինչև նախագահ Պուտինին և Գինեսի ռեկորդ սահմանել, պատմել է RIA Novosti-ին նախագծի պրոդյուսեր Ալեքսանդր Զոնովը:
Նրա խոսքով` թրեքը պատրաստվում է «Հիպ-հոպ համագումար» նախագծի շրջանակներում:
«Մենք դիմում կուղարկենք Գինեսի ռեկորդների գրքին: Եթե թրեքը լինի 45 րոպե և այն գրեն 100 մասնակիցներ, ապա մենք երկու ռեկորդ կսահմանենք` ամենաերկար թրեքը և ամենաշատ քանակի կատարողներով մեկ թրեքում: Նախագծի հիմնական նպատակը կոռուպցիայի մասին պատմելն է Վլադիմիր Պուտինին»,- ասել է Զոնովը:
Նրա խոսքով` կոռուպցիայի մասին 45 րոպեանոց թրեք ձայնագրելու գաղափարը առաջացել է Բիյսկ քաղաքում 2010 թվականի ընտրություններից հետո: Այդ ժամանակ քաղաքապետի թեկնածու Անդրեյ Նագայվևը պարտվել է «Միասնական Ռուսաստանի» թեկնածու Անատոլի Մոսիևսկուն մոտ 70 ձայնով: ՌԴ գերագույն դատարանի միջոցով Նագայցևին հաջողվել է ապացուցել, որ ընտրություններում արձանագրությունները կեղծվել են, սակայն քանի դեռ ձգձգվում են դատական վեճերը, քաղաքում փոխվել է իշխանության ձևավորման համակարգը:







































