«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը մեկնաբանելով Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձը Հայաստան՝ նկատեց երկու հանգուցալուծում. «Ըստ էության Սամվել Բաբայանը կարող է օգտակար լինել Արցախում՝ որպես Անվտանգության խորհրդի անդամ կամ որպես Հանրային խորհրդի նախագահ, եթե ստեղծվի նման մարմին: Այսինքն՝ հնարավորություն ստեղծել, որպեսզի Արցախի ռադիկալ ընդդիմադիր տրամադրություն ունեցող ուժերը կարողանան իրականացնել իրենց ներուժը երկրի պաշտպանության հարցում»:
Ինչ վերաբերում է ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստին, ապա Անդրիաս Ղուկասյանը համարում է, որ նման դեպքերը շոշափում են Արցախի ոչ միայն ներքին քաղաքական խնդիրները, այլև արտաքին. «Անհրաժեշտ է, որ կարճ ժամանակում այդ հարձակման մասնակիցները կամավոր հանձնվեն արդարադատությանը: Արցախի ներքին կյանքում առաջացած խնդիրն, իհարկե, ունի լուծում. դրան պետք է տրվի քաղաքական լուծում: Այդ խնդիրը չէր առաջանա, եթե 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում իշխող ուժերը քվեարկության համար ստեղծեին իսկապես ազնիվ և ազատ պայմաններ»:
Անդրիաս Ղուկասյանը տեսանելի է համարում երկու բևեռների հակադրությունը Արցախում, սակայն նրա խոսքով՝ կա նաև հանրության մի հատված, որ այդ բևեռներից ոչ մեկին չի վստահում, «Կա երրորդ բևեռի անհրաժեշտություն»:
«Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամը դժվարացավ պատասխանել հարցին, թե արդյոք «Նոր Հայաստանի» և Բաբայանի միջև հնարավո՞ր է համագործակցություն. «Բայց ես տեսնում եմ, որ այն բոլոր ջանքերը՝ ուղղված երկրում Մադրիդյան սկզբունքների դիմադրությանը, պահանջելու են բոլորի մասնակցությունը: Մենք ունենք նաև միջազգային հանրության մոլորությունը վերացնելու խնդիր»:
Անդրադառնալով Հայաստանում Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գևորգյանի նշանակմանը՝ Անդրիաս Ղուկասյանը ասաց. «Ես կարծում եմ՝ հունիսին կայանալիք հանդիպումը այն կարևոր գործոնն է, որ ազդում է այսօր ներքին կյանքի վրա: Ես նաև տեսնում եմ, որ Մադրիդյան սկզբունքներին կողմնակից ուժերը միավորվելու միտում ունեն»:









































