Մոտ ապագայում սիրիացի փախստականների թիվը կարող է գերազանցել 2.5 միլիոնը: Այս մասին The Daily Telegraph բրիտանական թերթին տված հարցազրույցում հայտարարել է միջազգային համագործակցության, մարդասիրական օգնության և ճգնաժամային արձագանքման հարցերով եվրահանձնակատար Կրիստալինա Գեորգիևան:
«Աշխարհն այժմ գտնվում է վերջին տարիների ընթացքում փախստականների հետ կապված ամենավատ ճգնաժամի սահմանին: Այսօրվա դրությամբ փախստականների գլխավոր աղբյուրն Աֆղանստանն է, որտեղ 22 տարի տևած հակամարտության հետևանքով երկրից փախել է 2.5 միլիոն մարդ: Սիրիան սպառնում է գերազանցել այս մակարդակը»,- ասել է նա:
Գեորգիևան սկեպտիկորեն է գնահատել սիրիական ընդդիմությանը զենքի մատակարարման ԱՄՆ-ի ծրագիրը:
«Ես չեմ տեսնում, թե ինչ կերպ երկրում զենքի քանակության մեծացումը հավելյալ հնարավորություններ կստեղծի՝ հակամարտության լուծման նպատակով բանակցությունների համար»,- ընդգծել է եվրահանձնակատարը:









































