Իրաքի անվտանգության ուժերը Էլ Ֆալուջայի ազատագրման գործողության սկզբից ի վեր ԴԱԻՇ-ի զինյալներից ազատագրել են 29 գյուղ և շրջան: Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է Իրաքի դաշնային ոստիկանության ուժերի հրամանատար Ռաիդ Շաքիր Ջաուդատը:
«Գործողության սկզբից այսօրվա դրությամբ մենք ազատագրել ենք 29 գյուղ և շրջան՝ այն բանից հետո, երբ մեզ հաջողվեց ազատագրել Էլ Ֆալուջայի պաշտպանության հիմնական գծերը՝ Էլ Կարման, Ալբու Շաջալը և Աս Սակլավիան»,- հայտարարել է Ջաուդատը:
Ավելի վաղ Էլ Ֆալուջայի գործողության հրամանտար Աբդել Վահաբ աս-Սաիդին մամուլին հայտնել էր, որ գործողության սկզբից ի վեր արդեն զինվորականներին հաջողվել է ոչնչացնել նվազագույնը 400 ահաբեկչի: Դաժան մարտերից թաքնվելու համար Էլ Ֆալուջայի շատ խաղաղ բնակիչներ փախել են հարևան քաղաքներ՝ նշել է նա:









































