Habertürk-ի փոխանցմամբ`Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:
«Մեզ համար նշանակություն չունի Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշումը: 1915 թվականին կատարված դեպքերի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է: Նմանատիպ որոշումներ ընդունելով չես փոխի մեր պատմությունը: Նրանք ռիսկի դիմեցին կորցնելու Թուրքիայի նման բարեկամի:
Մենք նախ պետք է գնահատական տանք այդ քայլին, և հետո նոր խոսենք հետագա քայլերի մասին: Դեռ վաղ է խոսել Գերմանիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մասին: Անհրաժեշտ է լավ գնահատել տեղի ունեցածը: Այստեղ ուշագրավն այն է, որ քվեարկության ժամանակ դեմ է քվեարկել մեկ մարդ, մեկը ձեռնպահ է մնացել, մեկն էլ չի մասնակցել քվեարկությանը:
Մի՞թե սա գերմանացիների համար այդքան ազգային հարց է: Նախորդ տարի 1915 թվականի դեպքերի հարյուրերորդ տարելիցն էր: Հետաքրքիր է, թե ինչու նախորդ տարի չընդունեցին բանաձև և ընդունեցին այս տարի: Բնականաբար, սրանք մտածելու տեղիք են տալիս»,- ասել է Էրդողանը:
Էրդողանը նաև հայտնել է, որ Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ իրեն նախապես հայտնել էր, որ կանի իր հնարավորության սահմաններում ամեն բան:










































