Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությունը (PYD), որը Սիրիայի դեմոկրատական ուժերի շարժիչ ուժն է, հատել է Թուրքիայի սահմանած «կարմիր գիծը»։
PYD-ի ուժերը մասնավորապես անցել են Եփրատ գետի արևմտյան ափն ու շարժվում են դեպի Մենբիջ, որը գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ։ Այդ մասին հայտնել է Լոնդոնում բազավորված Մարդու իրավունքներին հետևող սիրիական կենտրոնը։
Վերջինիս հաղորդմամբ՝ Եփրատ գետի արևմտյան ափն անցած ուժերի հիմնական մասը կազմել է PYD-ի ռազմական թև YPG (Ժողովրդական իքնապաշտպանական ուժեր)։ PYD-ին հաջողվել է մի շարք բնակավայրեր գրավել Եփրատ գետի արևմտյան ափին։
Հաղորդվում է, որ PYD-ն ակտիվ քարոզչություն է իրականացնում տեղի արաբ ու թուրքմեն բնակչության շրջանում նրանց իր կողմը գրավելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան Սիրիայի քրդերի համար որպես «կարմիր գիծ» էր սահմանել Եփրատ գետի արևմտյան ափը՝ նրանց արգելելով հայտնվել այնտեղ։ Եվ երբ Սիրիայի քրդերը դրանից հետո փորձել են նավակներով անցնել գետը, Թուրքիայի զինված ուժերի F-16 կործանիչները հարվածել և ջրասույզ են արել PYD-ի նավակները։









































