Local.de-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համակարծիք է իր կուսակցության հետ, որ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն են։
Այդ մասին հունիսի 1-ին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կրիստիանե Վիրցը։ Նրա խոսքերով՝ Մերկելը, սակայն հունիսի 2-ին ներկա չի գտնվի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկությանը, քանի որ նրա գրաֆիկում հինգշաբթի օրվա համար նախատեսված են պաշտոնական այլ միջոցառումներ։
«1915-1916 թվականներին հայերի ու քրիստոնյա մյուս փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակում ու ոգեկոչում» անվանմամբ բանաձևը ներկայացրել է Մերկելի կուսակցությունը՝ «Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միությունը»՝ դաշինքի գծով գործընկերներ սոցիալ-դեմոկրատների, ինչպես նաև ընդդիմադիր Կանաչներ կուսակցության հետ։








































