Հյուսիսկորեական պետական ԶԼՄ-ները գովել են ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին՝ նրան նկարագրելով որպես «իմաստուն քաղաքական գործիչ» և «հեռատես թեկնածու», որը կօգնի միավորել երկու երկրները Կորեական թերակղզում: Այս մասին գրում է Guardian-ը:
«Հյուսիսային Կորեան այսօր»-ի խմբագրականում ողջունվում է Թրամփի առաջարկը՝ իր և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի միջև ուղիղ բանակցությունների վերաբերյալ:
«Կան Թրամփի «էպատաժային քաղաքականության» շատ դրական ասպեկտներ: Նա ասել է, որ ինքը չի ներքաշվի Հյուսիսի և Հարավի միջև պատերազմին. մի՞թե դա լավ չէ Հյուսիսային Կորեայի տեսանկյունից»,- գրում է հեղինակը:
Հոդվածագիրը գովում է նաև նախագահի ընտրություններում հաղթելու դեպքում Հարավային Կորեայից զորքերը դուրս բերելու Թրամփի որոշումը:
Վերլուծաբանները նշում են, որ թեև հոդվածը Փխենյանի պաշտոնական հայտարարությունը չէ, այնուամենայնիվ՝ դժվար է պատկերացնել, որ այն հրապարակվել է առանց հյուսիսկորեական իշխանությունների համաձայնության:










































