ԵՄ երկրների դիվանագետները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների թուլացում չեն ակնկալում Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի այցից հետո: Այս մասին գրում է «Կոմերսանտը»:
Բարձրաստիճան աղբյուրը ԵՄ կառույցներում նշել է, որ Ռուսաստան Յունկերի առաջիկա այցը հակասություններ է առաջացնում Եվրահանձնաժողովի ղեկավարությունում: Աղբյուրն ընդգծում է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը կարող է Սանկտ-Պետերբուրգից վերադառնալ դատարկ ձեռքով, միաժամանակ, «ռուսական պրոպագանդիստական մեքենան այդ այցից հնարավոր ամեն ինչ կքամի»:
Նա նաև հավելել է, որ Յունկերը ստիպված կլինի «լսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկար մեղադրական խոսքը», որը կարող է Մոսկվայի և Բրյուսելի հարաբերությունների առաջացած սառնության պատասխանատվությունը բարդել ԵՄ-ի վրա:
Աղբյուրը Բրյուսելում չի ակնկալում սահմանափակող միջոցառումների մեղմացում, քանի որ «պետությունների մեծ մասը կարծում է, որ Մոսկվայի վրա ճնշումը պետք է շարունակել մինչև Մինսկի համաձայնագրերի լիակատար իրագործում»:
Իր հերթին, ռուսական պետական կառույցներում բարձրաստիճան աղբյուրը հայտարարել է, որ Մոսկվան չի ակնկալում պատժամիջոցների անհապաղ թուլացում և դրանց երկարաձգման մեջ դրական կողմեր է տեսնում: Դա բացատրվում է նրանով, որ եվրոպական էմբարգոյի վերացումը և ռուսական հակապատժամիջոցների չեղարկումը կարող են գյուղատնտեսական ձեռնարկությունների դժգոհության պատճառ դառնալ, որոնք հարմարվել են ներկրման փոխարինման հայտարարված կուրսին:









































