Հիշատակի օրը Վաշինգտոնի մոտ գտնվող Արլինգթոնի ազգային գերեզմանատանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրմին: Այնտեղ հանգչում են ավելի քան 300 հազար զինծառայողներ: Արարողությունը սկսվել է այն բանից հետո, երբ ռազմական նվագախումբը կատարել է երկրի օրհներգը՝ հայտնում է TASS-ը:
Այնուհետև Օբաման ելույթ է ունեցել հավաքվածների՝ վետերանների, նախկին զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների առջև: «Այստեղ թաղված ամերիկացիները, նրանց ընտանիքները մեզանից լավագույններն են: Նրանք, որոնց մենք խնդրել ենք տալ ամեն ինչ, այսօր դրա փոխարեն խնդրում են միայն մեկ բան՝ հիշել իրենց»,- ասել է Օբաման:
«Այստեղ երիտասարդ ամերիկացիներ են, նրանք, ովքեր չապրեցին մինչև այն պահը, երբ նրանց կհարգեինք որպես վետերաններ: Մարդիկ, ովքեր մարտնչել են իրենց սեփական եղբայրների դեմ քաղաքացիական պատերազմի ժամանակ, և նրանք, ովքեր զենքի ընկերների հետ կռվել են օվկիանոսից այն կողմ»,- ավելացրել է Օբաման:
Ամերիկացիների Հիշատակի օրը առաջին անգամ նշվել է 1868 թվականի մայիսի 30-ին՝ որպես Հյուսիսի և Հարավի միջև քաղաքացիական պատերազմի զոհերի հիշատակի օր:








































