Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները այսօր հայտարարել են, որ Թուրքիան առաջընթաց է գրանցել հինգ պայմաններից երեքի իրագործման հարցում, որոնք ներկայացվել են Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմի չեղարկման համար:
Եվրահանձնաժողովի՝ ներգաղթի ու ներքին հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Նատաշա Բերտոն հայտարարել է. «Առաջընթաց է նկատվում Թուրքիայի կողմից մնացյալ հինգ պայմանների կատարման հարցում:
Մասնավորապես (Թուրքիայի) նախագահ Էրդողանը նախորդ շաբաթ օրենք է ստորագրել, որը հանգեցնելու է ԵՄ-ի ու Թուրքիայի միջև հետընդունման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուն:
Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիներին, ապա մենք ակնկալել ենք, որ այդ նորման ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից: Առաջընթաց է գրանցվել նաև տվյալների պաշտպանության պայմանի կատարման հարցում: Մենք ակնկալում ենք, որ կշարունակվեն երկխոսությունն ու առաջընթացը»:
Եվրահանձնաժողովի մամլո ծառայության ղեկավար Մարգարիտիս Սխինասն իր հերթին հավելել է, որ զգալի առաջընթաց է ձեռք բերվել այն չափանիշի կատարման հարցում, որն առնչվում է պաշտոնատար անձանց կոռումպացվածությանը. «Մնում են ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքն ու կենսաչափական տվյալները»:








































