Թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննության առանցքային կասկածյալն այսօր ձերբակալվել է սևծովյան Տրապիզոն նահանգում: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը՝ հղում անելով Doğan գործակալությանը: Գերագույն դատարանի որոշմամբ՝ դատավարությունը սեպտեմբերին կսկսվի զրոյից:
Էրսին Յոլչուի ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը կասեցրել է բանտից նրան ազատ արձակելու մասին որոշումը: Նրան կրկին տեղափոխել են Bahçeçik բանտ, որտեղ նա սպասում է երկրորդ դատավարությանը:
Յոլչուն դատապարտվել էր 12.5 տարվա ազատազրկման, սակայն 2012-ին ազատ արձակվել: Դատարանը վճռել էր, որ չկան բավարար հիմքեր՝ ապացուցելու, որ նա «ահաբեկչական կազմակերպության անդամ է»:
Հիշեցնենք, որ «Ակոս» թերթի խմբագրին 17-ամյա Օգյուն Սամաստը սպանել էր 2007 թվականի հունվարի 19-ին՝ խմբագրատան դիմաց:









































