ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման և Ֆրանսուա Օլանդը ընդունել են համատեղ հայտարարություն, որում ասվում է. «Մենք մեր խորին ափսոսանքն ենք հայտնում՝ կապված այն բանի հետ, որ բանակցային գործընթացում կողմերը, փոխադարձ շահերը հաշվի առնելու վրա հիմնված (ԼՂ հակամարտության) լուծումը գտնելու փոխարեն, շարունակել են ձգտել միակողմանի օգուտ ստանալուն: Մենք վստահ ենք, որ անընդունելի է դեպի համապարփակ խաղաղ կարգավորում տանող հավասարակշռված շրջանակային պայմանավորվածության հետագա ձգձգումը, և Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ ենք անում թարմ էներգիայով կենտրոնանալ հարցերի լուծման վրա, որոնք դեռ բաց են մնում»:
Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան վստահություն են հայտնել, որ վերջին չորս տարիներին խնդրի կապակցությամբ իրենց արած հայտարարությունները պետք է ծառայեն որպես հիմք՝ ղարաբաղյան հակամարտության արդար ու ամուր կարգավորման համար: Երեք նախագահների կարծիքով՝ տվյալ դրույթներն անհրաժեշտ է դիտարկել որպես մեկ ամբողջություն, քանի որ դրանցից մեկին մյուսի հանդեպ գերապատվություն տալու ցանկացած փորձ բացառում է հավասարակշռված որոշում ընդունելու հնարավորությունը:
«Մենք բոլոր կողմերի ղեկավարներին վճռականորեն կոչ ենք անում ևս մեկ անգամ հաստատել Հելսինկյան սկզբունքներին և մասնավորապես ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, տարածքային ամբողջականության, իրաավահավասարության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքներին հավատարիմ լինելը»,– ասվում է հայտարարության մեջ:







































