ԱՄՆ-ը որոշել է զորավարժությունների ավարտին Հորդանանում թողնել ամերիկյան Patriot զենիթա-հրթիռային համալիրները, ինչպես նաև մի քանի բազմաֆունկցիոնալ F-16 կործանիչներ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Պենտագոնին:
«Պաշտպանության նախարար Չակ Հեյգելը բավարարել է Հորդանանի թագավորության խնդրանքն առ այն, որպեսզի F-16 կործանիչներն ու Patriot հրթիռները Հորդանանում մնան հաջորդ շաբաթ՝ Eager Lion միջազգային զորավարժությունների ավարտին»,- ասվում է Պենտագոնի մամլո քարտուղար Ջորջ Լիթլի հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ զորավարժությունների ավարտից հետո դրանց մասնակցող ամերիկյան ողջ անձնակազմը կլքի Հորդանանը:
«ԱՄՆ-ը բավարարված է Հորդանանի հետ վաղեմի գործընկերային հարաբերություններով և հակված է ապահովելու նրա անվտանգությունը»,- հավելել է Լիթլը:









































