«Ամեն օր ինձ զեկուցում են Արտակ Բուդաղյանի առողջական վիճակի մասին, ըստ որի էլ մենք որոշումներ ենք կայացնում` նոր կոնսուլտացիաների և մնացյալ հրատապ միջոցառումների առնչությամբ»,- ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնդապետ Արտակ Բուդաղյանի առողջության առնչությամբ հնչած «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան:
Հետևո՞ւմ եք հարուցված քրգործի ընթացքին: «Իհարկե, կհետևենք, կհետևեն նաև համապատասխան մարմինները, որոնք զբաղվում են այդ գործով»: Իսկ միջադեպի տեսագրությունը, որը պտտվում էր համացանցում, նայե՞լ եք: «Կիսատ-պռատ»: Սուրիկ Խաչատրյանը և իր մտերիմները պնդում են, որ դա զինված հարձակում էր եղբայրների կողմից: «Ես չեմ կարող որակումներ տալ, համենայնդեպս, եթե կան խախտումներ, հայտնի կդառնան»:
Դուք ճանաչո՞ւմ էիք Արտակ Բուդաղյանին: «Գնդապետն իմ զորամասերի հրամանատարներից մեկն է, իհարկե, ճանաչում եմ»: Ինքներդ Խնածախ գյուղից` Գորիսից եք. ինչպե՞ս եք գնահատում քաղաքում տիրող վիճակը: «Ես մի քանի անգամ պատասխանել եմ այդ հարցին, ընդհանրապես շատ բացասական եմ վերաբերվում այն երևույթներին, որոնք հանգեցնում են միջանձնային միջադեպերի, որովհետև ինքս, լինելով պատասխանատու արտաքին մարտահրավերների համար, մենք դրսից այնքան մարտահրավեր, թշնամիներ ունենք, որ ներսում բոլոր այդ կարգի հարցերը պետք է կարողանանք լուծել առանց միջադեպերի»:







































