Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Անկարայում կուլիսների հետևում մեծ խոսակցությունների առիթ են դարձել «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի խոսքերը:
Բահչելին մասնավորապես հայտարարել է. «Կառավարությանը մեր ցուցաբերած աջակցությունը կարող է իրավական դրսևորում ստանալ»: Այժմ խոսակցություններ են ծավալվել այն մասին, որ ԱՇԿ-ն կարող է կոալիցիա կազմել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ:
Գործընթացն արագացնելու է ԱԶԿ նախագահի ու Թուրքիայի վարչապետի պաշտոններից Ահմեթ Դավութօղլուի հեռացումը, որին փոխարինողը հայտնի կդառնա մայիսի 22-ին:
Սահմանադրական բարեփոխումների հարցը խորհրդարանում քվեարկության դնելու համար անհրաժեշտ է առնվազն 330, իսկ ընդունման համար՝ 367 պատգամավորական քվե: Ներկա դրությամբ ԱԶԿ-ն խորհրդարանում ունի 317 մանդատ, որոնցից մեկը խորհրդարանի նախագահն է, ով չունի քվեարկելու իրավունք, և հետևաբար ԱԶԿ-ն առնվազն ևս 14 պատգամավորի աջակցության կարիք ունի, որպեսզի կառավարման նախագահական համակարգ մտցնող բարեփոխումներն անցնեն:










































