Ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցները խաթարել են Inspire առցանց ամսագրի աշխատանքը: Այն «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի պաշտոնական պարբերականներից մեկն է: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Մեկ ամիս առաջ բարեհաջող ավարտված օպերացիայի նպատակն է պարբերականի աշխատանքի խաթարումն ու ընթերցողների շրջանում խուճապը: Ամերիկացիներին հաջողվել է կանգնեցնել Inspire-ի առնվազն մեկ թողարկում:
Հաղորդվում է, որ Inspire-ի վրա հարձակմանը մասնակցել են ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության աշխատակիցներ: Տեղեկությունը առայժմ պաշտոնապես չի հաստատվել: The Washington Post-ի աղբյուրները վստահեցնում են, որ այդ օպերացիան ահաբեկչական կազմակերպությունների համացանցային ակտիվությանը հակազդելու մասշտաբային արշավի միայն մի մասն է:








































