Եթե ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունի Մագնիտսկու ակտի նման նախագիծ և տարածի Ադրբեջանի վրա, ապա կառավարության պաշտոնյաների ապօրինի գործունեությունը բացահայտած մարդու իրավունքների ակտիվիստները, այդ թվում` Ադրբեջանի իշխող ընտանիքի կոռուպցիոն գործողությունները բացահայտած Խադիջա Իսմայիլովան վաղուց ազատ արձակված կլինեին ադրբեջանական բանտերից:
Այս մասին ասվում է ամերիկյան հեղինակավոր The Washington Post թերթի` Ներկայացուցիչների պալատին հղած` «Եթե Սպիտակ տունը գերակա հայտարարեր Խադիջա Իսմայիլովային, նա ազատության մեջ կլիներ» վերնագրով նամակ-կոչում:
«Խադիջա Իսմայիլովայի դատական գործը առանձնահատուկ մտահոգիչ է: Բաքվում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանին միանալուց առաջ Խադիջան պատրաստություն է անցել Վաշինգտոնում «Ամերիկայի ձայն»-ում: Նա Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի կոռուպցիոն գործունեությունը բացահայտող աղմկալից հետազոտություններ է պատրաստել, ինչը օրերս հաստատել է նաև Panama Papers-ը` օֆշորի հետ կապված հրապարակման մեջ»,-գրել է թերթը` ընդգծելով, որ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներն անտեսում են որոշ ռեժիմների կողմից մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները` բավարար համարելով այն, որ միայն թե դրանք համապատասխանեն ԱՄՆ-ի մյուս շահերին:
«Չէ՛ որ նա Ադրբեջանում հետապնդման ենթարկված միակ լրագրողը չէ: Նա իրեն խոսքի ազատությանը նվիրած ամերիկյան ռադիոկայանի լրագրող է: Սակայն, Օբամայի վարչակազմը շատ թույլ է անդրադարձել Իսմայիլովայի դատական գործին`հայտարարելով միայն, որ Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է այդ գործով»,-զարմանք է հայտնում թերթը:
Թերթը տարակուսանք է արտահայտում, որ Ալիևի հետ Վաշինգտոնում հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և փոխնախագահ Ջո Բայդենը չեն անդրադարձել Իսմայիլովայի գործին:
«Եթե Ներկայացուցիչների պալատն ընդուներ խոսքի իրավունքի խախտումների համար նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ նախատեսող`Մագնիտսկու ակտի նախագիծը, ապա այն կիրառության մեջ կմտներ և ազդեցություն կունենար Խադիջա Իսմայիլովայի գործի նման հարցերի վրա»,-գրում է թերթը:
Թերթը նշում է, որ Մագնիտսկու ակտը պատրաստել է սենատոր Բենջամին Կարդինը: Այն սենատով անցել է դեկտեմբերին և այժմ գտնվում է Ներկայացուցիչների պալատում:
Թերթը գրում է, որ վարչակազմի որոշ անդամների կարծիքով՝ այդ օրինագիծը մարդու իրավունքների հետ կապված գործերով սահմանափակում է ԱՄՆ-ի գործողությունները, այն կարող է տարածվել նաև մարդու իրավունքների արշավների կազմակերպիչների, տեղեկատվություն փոխանցողների վրա: Այդուհանդերձ`The Washington Post-ը Ներկայացուցիչների պալատին կոչ է անում անհապաղ ընդունել այդ օրենքը` Ադրբեջանի դեմ պատժամիջոցներն արագացնելու համար:
«Գլոբալ Մագնիտսկու ակտ» օրենքը պատժամիջոցներ է նախատեսում ամբողջ աշխարհում կոռուպցիոներների և մարդու իրավունքները խախտողների դեմ, ինչպես նաև ԱՄՆ-ում նրանց սեփականության ձերբակալությունը: Օրինագծով վիզային պատժամիջոցներ է նախատեսվում կիրառել մարդու իրավունքների խախտումներին մասնակից Ադրբեջանի կառավարության ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ:






































