«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:
– Պարոն Հակոբյան, ռուսական մամուլը և մասնավորապես «Իզվեստիա» թերթը մի քանի օր է հրապարակումներով են հանդես գալիս ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված, նշվում է, որ Պուտինն անձամբ է կողմերին համոզել՝ գնալու փոխզիջման, նաև նշվում է սեղանին դրված փաստաթղթի մասին, որը ներառում է տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանին, հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայում, փախստականների վերադարձ և LՂ լեգիտիմացում: Այսինքն՝ սահմանների բացում և տնտեսական կապերի վերականգնում, այնուհետև երբ կրքերը դադարեն, նոր հանրաքվեի անցկացում: Որքանո՞վ եք ռեալ համարում այս տարբերակի գործարկումը հիմա, և արդյո՞ք չի կրկնվում Մեդվեդևի պլանը, պարզապես ռուս խաղաղապահների փոխարեն՝ այս անգամ նշվում է խաղաղապահներ:
– Ոչ միայն ռուսական, այլ նաև ադրբեջանական մամուլը նույնպես շատ ակտիվորեն գրում է այն մասին, որ առաջիկայում սկսվելու են շատ ինտենսիվ բանակցություններ, որը, ճիշտ է, Մինսկի խմբի նախագահների կարգավիճակն է ունենալու, բայց ՌԴ-ն է, բնականաբար, լինելու հիմնական նախաձեռնողը և բանակցություն վարողը, բայց բոլոր դեպքերում կմնա այդ ձևաչափի շրջանակներում: Ձեր ասածը ոչ թե 2008թ. Մեդվեդևի ներկայացրած նախագիծն է, այլ ավելի շուտ 2011թ. Կազանի գագաթնաժողովում որոշ չափով արդեն խմբագրված կամ լրամշակված Մադրիդյան սկզբունքներն են, բայց ինձ թվում է, միայն դրանով չէ, որ Լավրովն այստեղ կլինի, որովհետև այդ փաստաթուղթը, այսպես թե այնպես, հայտնի է բոլորին, տրամաբանությունը հայտնի է:
Հիմա ես ուշադիր հետևում եմ ադրբեջանական լրատվամիջոցներին, մի քիչ ավելի լոյալ են վերջին շրջանի հրապարակումներում, վերլուծություններում: Կարող է լինել Կազանի տարբերակը, կարող է լինել բոլորովին այլ տարբերակ, և շատ կարևոր է, թե ՌԴ-ն իր շահերի տեսանկյունից ինչ է ակնկալում: Եվ քանի դեռ այդ փաստաթուղթը չի եղել, քանի դեռ հստակ շահերը չեն զգացվել, դժվար կլինի ասել, թե ինչ փաստաթուղթ է դրվելու շրջանառության մեջ:
– Որքանո՞վ է հնարավոր այս փուլում ԼՂ-ին բանակցային սեղանի շուրջ բերել: Իշխանությունը այս խնդիրը կարծես բարձրաձայնում է:
– Դա շատ կարևոր է, բայց երբ զինադադարի շուրջ պայմանավորվեցին, այդ ժամանակ արդեն ԼՂ-ն բանակցային կողմ չէր: Շատ կարևոր է, որ Արցախը, որպես բանակցող կողմ, գոնե այն ձևաչափով, ինչ ձևաչափով կար 94-ին, մասնակցի, բայց ինչքան էլ ցանկանանք, երևի թե դժվար կլինի, բայց պետք է մինչև վերջ ձգտել և պայքարել, որ Արցախը բանակցող կողմ դառնա:
– Պարոն Հակոբյան, հետաքրքիր ներքաղաքական իրավիճակ է ստեղծվել, մինչև ապրիլի 1-ը և ապրիլի 1-ից հետո մենք այլ իրավիճակ ունենք. մասնավորապես՝ իշխանության ներկայացուցիչները գոնե բանավոր սկսեցին իրենց մեղքը մի շարք թերացումների մեջ զգալ՝ նշելով, որ իրենք այս ամենից դասեր կքաղեն, այնուհետև հանդիպեցին առաջին և երրորդ նախագահները՝ քննարկելու բացառապես ԼՂ խնդրի ներկա փուլը, որից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույցով հանդես եկավ և նշեց, որ ինքը Սերժ Սարգսյանին մեկ խորհուրդ է տվել՝ շրջվել դեպի ժողովուրդը: Ըստ Ձեզ՝ այս կոնսոլիդացիան ինչո՞վ է պայմանավորված, իսկապե՞ս միայն արտաքին մարտահրավերներով, և ի՞նչ կարծիք ունեք այս հանդիպման մասին:
– Հանգամանքների բերումով կամ շատ պատահականորեն այդ հանդիպումից մեկ օր առաջ ես տեսագրության էի, որը հեռարձակվեց հենց այդ հանդիպման օրը, բայց մեկ օր առաջ էր տեսագրվել. ասացի, որ մեզ համար մեծ շռայլություն է, որ երեք նախագահներն այսօր իրար հետ չեն հարաբերվում, և հորդորս է, որ իրար կողք կողքի կանգնեն, և շատ հասկանալի է, որ անհատներին չի վերաբերում խոսքս, խոսքս վերաբերում է մարդկանց, ովքեր բացահատ տիապետում են ամբողջ ինֆորմացիային այս 25 տարիների ընթացքում, իսկ դա շատ կարևոր է, նույնիսկ գիտեն, թե մարդիկ, ում հետ բանակցում են, ինչ բնավորություն ունեն, և իսկապես պետք է գիտակցել պահի լրջությունը և երեքով կողք կողքի կանգնած լինեն, այսօր այն մարտահրավերը, որ կա, մաքսիմում պահանջում է համախմբվածություն: Ես ողջունեցի, ուրախացա, երբ հաջորդ օրը ինֆորմացիա սփռվեց, որ առաջին և երրորդ նախագահները հանդիպել են, դա իսկապես անհրաժեշտ է, մանավանդ որ՝ արդեն ընդհանուր ֆոնը, թե՛ բանակում, թե՛ ժողովուրդը գիտակցում էին, որ ուղղակի անհրաժշտություն է: Բայց, անկեղծ ասած, երբ կարդացի Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, հասկացա, որ ուրիշ խնդիր էլ կար դրա մեջ. կարծես թե Տեր-Պետրոսյանն ասում էր՝ Սերժ Սարգսյան, արի՛ միասին պայքարենք Ռոբերտ Քոչարյանի դեմ: Որոշ ձեռագրերի ծանոթ չեմ, բայց չէի ուզենա, որ այդպես լիներ:
– Այսինքն՝ բանակցային գործընթացից Ռ. Քոչարյանի թեթև ձեռքով ԼՂ-ին դուրս դնելը. նաև այդ ձևակերպումը նկատի ունեք:
– Ոչ միայն դա, բայց առաջին նախագահին ավելի վայել կլիներ, որ ինքը… մանավանդ որ՝ շատ ավելի տարիքով է, ինքն է հրավիրել այս երկու գործիչներին Հայաստան, ու ասել, որ մենք պետք է այս պահին մոռանանք ամեն ինչ և երեքով ներկայանանք ժողովրդին. սա ավելի շատ իր կարգավիճակին հարիր կլիներ, քան այն, որ Սերժ Սարգսյան, միասին պայքարենք Ռոբերտ Քչարյանի դեմ: Առավել ևս մի լավ բան կար այնտեղ, որ եթե գնում ենք այս ճանապարհով, որ յուրաքանչյուրը պետք է պատասխանատու լինի իր գործած քայլերի համար՝ գուցե պահի թելադրանքով, ոչ միտումնավոր, եթե այդ խնդիրը դրվեր, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի պարագայում, այդ ժամանակ դիվանագիտական գործի մեջ շատ հետևողական կլինեինք: Արցախին այն պահից դուրս դրեցինք բանակցային գործընթացից, երբ Ռ. Քոչարյանին, որպես ընտրված նախագահ, Արցախից բերեցին նշանակեցին ՀՀ վարչապետ:
– Նշեցիք, որ կարծեք թե համախմբվում են Ռ. Քոչարյանի դեմ, այնուամենայնիվ, երկրորդ նախագահը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ԼՂ-ում քառօրյա պատերազմին, նշել էր, որ ցանկություն չունի հանդիպելու և քննարկելու, կարծեք թե նեղացկոտ հայտարարություն էր արել: Արդյո՞ք նա նույնպես չպետք է ցանկություն հայտներ հանդիպելու, ակնհայտ է, որ նա այս փուլում էլ պատրաստ չէ հանդիպման, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ:
– Պետք է գնահատել Լ. Տեր-Պետրոսյանի հոգեբանական կերպարը, ինքը շատ լավ գիտեր, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Ռ. Քոչարյանի վրա: Ես չեմ ընդունում Քոչարյանի այդ մոտեցումը, ճիշտ է՝ Տեր-Պետրոսյանը խոչընդոտեց՝ հասկանալով, թե ով է Ռ. Քոչարյանը, նրա հոգեկերտվածքը իմանալով հանդերձ, բայց միևնույն է, դա չեմ ընդունում: Կարծում եմ, որ Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը լավ հասկացան, թե Լ. Տեր-Պետրոսյանը ինչ քայլ արեց՝ քայլ ձիով: Ինձ համար անընդունելի է դա, այսօր բոլորը, առավել ևս նրանք, ովքեր տիրապետում են որոշակի հանգամանքների, ինֆորմացիայի, պետք է կողք կողքի լինեն, և ժողովուրդը պետք է դա տեսնի: Տեր-Պետրոսյանի ձեռագիրն է այդպիսին, դրանից առաջ ինքը պայքարում էր ԱԺ ընտրությունների ժամանակ Ռ. Քոչարյանի թիմի հետ (ոչ շատ հրապարակային, բայց քաղաքականության տոկոս կա, որը հրապարակային երբեք չի լինում) Ս. Սարգսյանի դեմ: Այսինքն՝ փոփոխական, մեկ ուզում է պայքարել մեկի դեմ, հետո՝ մյուսի: Չեմ ուզում մանրամասնել դա: Չեմ արդարացնում Ռ. Քոչարյանին, որ այսօր այդպես է ասում, բայց նաև չեմ արդարացնում Լ. Տեր-Պետրոսյանի կեցվածքը, որն այս պահին, ես չգիտեմ, ինչքանով կարող է օգտվել կոնյունկտուրայից, բայց այսօր պետք չէ համախմբվել մեկի դեմ, այսօր պետք է յուրաքանչյուրն իր կենսագրության, իր պատասխանատվության չափով կարողանա բերել իսկապես համաձայնության դաշտ՝ թե՛ քաղաքականության հետ կապված, թե՛ ներքաղաքական հարցերի հետ կապված:








































