ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրն այցելել է Սաուդյան Արաբիա, որտեղ նրան սպասվում էր սառը ընդունելություն, հայտնում է RIA Novosti-ն:
«Այսօր պարզ դարձավ, թե որքան է Օբաման զայրացրել սաուդցիներին: Երկիր ժամանելիս նրան ընդունել են բավականին սառը»,- գրում է Der Spiegel-ը:
Gulf Research Center-ի վերլուծաբան Մուստաֆա Ալանին ԱՄՆ նախագահին դիմավորելու ժամանակ բարձրաստիճան պատվիրակության բացակայությունը համարել է անսովոր: Նրա խոսքով` Սաուդյան Արաբիան այդ ձևով հասկանալ է տվել, որ չի վստահում Օբամային:
Վերջերս տված հարցազրույցում Օբաման սաուդցիներին անվանել է «այսպես կոչված դաշնակիցներ», ինչպես նաև Էր-Ռիյադին առաջարկել է Թեհրանի հետ «կիսել» մերձավոր-արևելյան տարածաշրջանը: Սաուդցիների մոտ այդ խոսքերը վրդովմունք են առաջացրել:
ԱՄՆ Կոնգրեսում վերջին օրերին քննադատություններ են տեղացել Սաուդյան Արաբիայի հասցեին: Քաղաքական գործիչները առաջարկել են սահմանափակել Էր-Ռիյադին զենքի վաճառքը, ինչպես նաև հայտարարել են նրա հնարավոր մասնակցության մասին սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններին:
Սաուդյան Արաբիան որպես պատասխան սպառնացել է վաճառել ԱՄՆ-ում իր բազմամիլիարդանոց ակտիվները:
Այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ-ում էներգետիկ ռեսուրսների ավելնացման ֆոնի վրա, որի արդյունքում երկիրը մերձավոր-արևելյան նավթի կարիք ավելի քիչ կունենա, նշում է CNN-ը:








































