2014 թվականի հունիսից ի վեր առաջին անգամ այսօր Բրյուսելում բացվել է դեսպանների մակարդակով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Վերջին նիստը կայացել է 2014-ի հունիսի 2-ն՝ Մոսկվայի հետ ողջ գործնական համագործակցությունը սառեցնելու դաշինքի որոշումից 2 ամիս անց:
Նիստը գումարվել է դաշինքի նախաձեռնությամբ։ Նիստում Ռուսաստանը ներկայացնում է ՆԱՏՕ-ին առընթեր մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն: Խորհրդի նիստն ընթանում է սովորական կազմով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր 28 պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների մասնակցությամբ:
«Նիստի արդյունքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես կգա ամփոփիչ հայտարարությամբ»,-ավելի վաղ հայտնել էր դաշինքի մամուլի ծառայությունը:
Նիստի օրակարգում ընդգրկված է երեք հիմնական հարց, որոնք վերաբերում են Ուկրաինային, Աֆղանստանին և Եվրոպայի անվտանգության խնդիրներին։








































