Ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում հայկական կողմը պաշտոնական տվյալներով ունեցավ 92 զոհ և 125 վիրավոր։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, կարճատև պատերազմի ընթացքում վիրավորված կամ զոհված զինծառայողների ընտանիքներից դեռևս ոչ ոք չի դիմել պետության կողմից նախատեսված աջակցությունը ստանալու համար:
Պետությունը դեռևս միայն նրանց հուղարկավորման ծախսերն է կատարել:
Գործող օրենսդրության համաձայն՝ մարտական գործողությունների ժամանակ զոհվելու և վիրավորվելու դեպքում պարտադիր պետական աջակցություն պետք է ստանա զոհի ընտանիքն ու վիրավորումից հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողը:
Օրենքով սահմանված կարգով զինծառայողի ընտանիքի միանվագ ապահովագրական գումարի չափը զոհվելու դեպքում կազմում է 2 մլն դրամ, վիրավորվելու դեպքում՝ 1մլն դրամ:
Պայմանագրային և ժամկետային զինծառայողների համար պետությունը նախատեսում է տարբեր պայմաններ:
Հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար գործում է ապահովագրական պետական համակարգ:
Զոհված զինծառայողների ընտանիքների համար նախատեսվում է ամենամյա պարգևավճար, յուրաքանչյուրին՝ 30000 դրամի չափով, զոհվածի ընտանիքի անդամները միշտ կարող են ստանալ անվճար բուժօգնություն, սակայն պետության կողմից նշված աջակցությունների մի մասը ժամկետային բնույթ են կրում:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը սեփական ուսումնասիրություններն օրինակ բերելով վստահեցնում է, որ թշնամու գնդակից զոհված կամ վիրավորված ընտանիքները պետության կողմից նախատեսված աջակցությունը ամբողջությամբ ստանում են:
Պաշտպանության նախարարության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները նշեցին նաև, որ կամավորական սկզբունքով մարտի դաշտում հայտնված զոհերն ու վիրավորները պետական աջակցություն չեն ստանում, բայց հավելեցին. Կառավարությունը նախատեսում է ծրագրեր ստեղծել նաև նրանց ընտանիքների համար: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը զոհված կամ վիրավորված կամավորականների համար աջակցության իր տարբերակն է առաջարկում:










































