Ղրղըզստանի խորհրդարանը չորեքշաբթի Սոորոնբայ Ժեենբեկովին ընտրել է վարչապետի պաշտոնում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Երկուշաբթի նախկին վարչապետ Թեմիր Սարիևը հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից Իսիկ-Կուլի ափի երկայնքով ավտոմայրուղու շինարարության տենդերի հետ կապված սկանդալի պատճառով: Նույն օրը նախագահը ստորագրել է հրաժարականի մասին հրամանագիրը: Երեքշաբթի Ղրղըզստանի խորհրդարանական մեծամասնության կոալիցիան կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրել է նախագահական վարչակազմի ղեկավարի տեղակալ Սոորոնբայ Ժեենբեկովի թեկնածությունը: Այդ որոշման պատճառով ստիպված է եղել իր պաշտոնից հեռանալ Սոորոնբայ Ժեենբեկովի հարազատ եղբայրը՝ խորհրդարանի խոսնակ Ասիլբեկ Ժեենբեկովը:
Ժեենբեկովը հայտարարել է, որ մտադիր չէ լրջորեն փոխել իր նախորդի ձևավորած նախարարների կաբինետի կառուցվածքը և կազմությունը: Այդպիսով գերատեսչությունների ղեկավարների մեծ մասը կպահեն իրենց պաշտոնները:









































