Արցախյան կարճատև պատերազմից հետո ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ բորբոքված վերքերը չեն հանդարտվում։
Իրավիճակն իսկապես անհասկանալի է, ու այդ իրավիճակում նաև խոսվում է հասարակություններին խաղաղության պատրաստելու անհրաժեշտության մասին: Ընդ որում` դրա մասին տևական ժամանակ խոսում էին նաև համանախագահ երկրները, միջնորդ տերություններն ու միջնորդական հավակնություններ ունեցող կառույցները: Իսկ ինչպե՞ս պետք է պատրաստվեին հասարակությունները խաղաղության, եթե նրանք պատկերացում չունեին անգամ հանդիպումների, այցերի, հեռախոսազրույցների ընթացքում ինչ դավեր են նյութվում իրենց ճակատագրի վերաբերյալ: Ինչպե՞ս խաղաղության պատրաստվեին, օրինակ, հայաստանցին կամ ղարաբաղցին, եթե նա չգիտեր, թե ինչպես են պատրաստվում իր ճակատագիրը տնօրինել Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Ակնհայտ է, որ կարգավորման գործընթաց կոչվող ֆորմատը մտել է փակուղի, և փակուղի է մտել այն պատճառով, որ այս ամբողջ ընթացքում թե՛ միջնորդները, թե՛ հակամարտ կողմերի բանակցող իշխանությունները, հասարակություններին բանի տև չեն դրել, հարկ չեն համարել բացատրություններ տալ, իրավիճակ պարզաբանել, հարկ չեն համարել հասարակությունների հետ խորհրդակցել և հասարակական կարծիք ու պահանջարկ դնել իրենց բանակցային դիրքորոշումների հիմքում։ Ռուսաստանի և արևումտքի միջև դիմակայությունից ի վեր ստեղծվել էր մի վիճակ, որ կարգավորման գործընթաց կոչվածը պարզապես կտրվել է իրականությունից և ներկայիս աշխույժ եռուզեռը իրականում ոչ այնքան եռուզեռ է, որքան խուճապ, երբ բոլորը գիտակցել են իրականությունից կտրված, օդ բարձրացած լինելն ու ահով հայտնաբերել, որ գետինը իրենցից շատ է հեռու և ով գիտե, թե ինչ կարող է տևի ունենալ իրենց հետ վերևում, նաև ներքևում մնացածների հետ, և առավել ևս իրենց հետ ներքևում, ուր վաղ թե ուշ ստիպված են լինելու իջնել կամ ընկնել:
Տարիներ շարունակ բոլորին` թե՛ բանակցող կողմերին, թե՛ միջնորդ համանախագահներին, թե՛ տարատեսակ միջազգային կառույցներին թվում էր, որ փակ ռեժիմով ընթացող բանակցությունների միջոցով իրենք տոտալ վերահսկողություն են սահմանել բոլոր մակարդակների վրա և իրավիճակի թելերը պահում են իրենց ձեռքերում, ու ոչինչ չի կարող զարգանալ իրենց տեսադաշտից ու կամքից դուրս: Բայց, ներկայումս կարծես թե բոլորը կանգնել են փաստի առաջ, որ այդուհանդերձ ամեն ինչ չէ, որ կարողացել են բռի մեջ պահել, և ժամանակն արել է իրենը` ձևավորել է տարբեր սերունդներ, տարբեր հասարակություններ, հասարակությունների հոգեբանությունն է փոխել, մտածողությունը, որի մի զգալի մասն էլ պայմանավորվել է երկրների ներսում առկա դեգրադացիոն խայտառակ պրոցեսներով: Իսկ Ղարաբաղի հարցը տարիներ շարունակ ծառայել է որպես այդ պրոցեսների շղարշ, փական, այդ ամենի դեմ դժգոհությունները հանգստացնելու սառը ջուր: Այժմ ահա այդ իրավիճակի լիակատար ձախողման, տապալման փաստի առաջ ենք կանգնում բոլորս, արձանագրելով, որ այս ընթացքում ձևավորվել են բազմաթիվ ներքին ու արտաքին նոր իրողություններ, որոնք անհնար է հաշվի չառնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հանդեպ մոտեցումներ կառուցելիս, այդ մոտեցումները առաջ մղելիս:
Մինչև ապրիլի մեկի լույս երկուսը կարգավորման գործընթացում ստեծվել էր կարծես թե երկակի վտանգավոր վիճակ: Մի կողմից, երբ հաշվի չէին առնվում նոր իրողություններն ու հանգամանքները, լարումը կարծես հասցնելով կրիտիկականի և գործընթացը վերջնականապես մտցնելով փակուղի, մյուս կողմից էլ` եթե հաշվի էին առնվում, առաջանում էր մոտեցումների շրջադարձային վերանայման անհրաժեշտություն, ինչին պատրաստ չէին և չեն ակնհայտորեն թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, քանի որ դա ենթադրում է նաև ներքին շատ լուրջ վերափոխումներ, ներպետական իրավիճակի տրանսֆորմացիա: Ավելին` պատրաստ չէին և չեն թերևս նաև համանախագահները, քանի որ նրանց միջև շարունակվող մրցակցությունը նրանց կեցվածքի մեջ միշտ էլ գերադրական աստիճանի վրա է պահել գործընթացի հանդեպ դեստրուկտիվ տարրը, քան հակառակը: Այլ հարց է, որ այդ դեստրուկտիվիզմը կարգավորման այս կամ այն փուլում կողմերից մեկի համար կարող է լինել նպաստավոր:







































