Եվրոպա ժամանող փախստականներին հրեշացնելու փորձերը սխալ են՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ժնևում բարձր մակարդակի հանդիպման բացմանը՝ նվիրված սիրիացի ներգաղթյալների վերաբնակեցման հարցին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Պան Գի Մունն ընդգծել է, որ եթե փախստականների վերաբնակեցմանը գրագետ մոտեցում ցուցաբերվի, նրանք կարող են զգալիորեն նպաստել առանձին երկրների զարգացմանը։
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի վարչությունը կարծում է, որ Սիրիայից 480 հազար փախստական Եվրոպայում վերաբնակեցման կարիք ունի, նրանց ընդունելու պատրաստակամություն պետք է հայտնեն ավելի շատ պետություններ՝ ասել է Պան Գի Մունը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիացի փախստականների մոտ 10 տոկոսը երրորդ երկրներում վերաբնակեցման կամ ընդունման այլ տեսակների կարիք ունի։ «Դա կազմում է 480 հազար մարդ՝ համեմատաբար փոքր թիվ միլիոնավորների հետ, որոնք ընդունել են Թուրքիան, Լիբանանը և Հորդանանը»,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։








































