Կաննի 69-րդ փառատոնը մայիսի 11-ին կբացվի Վուդի Ալենի «Society սրճարանը» նոր ֆիլմով: Այս մասին հայտնել են փառատոնի մամուլի ծառայությունում՝ փոխանցում է Interfax-ը։
«Կաննի 69-րդ փառատոնը մայիսի 11-ին կբացվի Վուդի Ալենի «Society սրճարանը» նոր ֆիլմով, որը կցուցադրվի փառատոնների Լյումիեր պալատի դահլիճում կայանալիք բացման արարողությանը»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ալենի ֆիլմերն արդեն երկու անգամ բացել են Կաննի փառատոնը. 2002 թվականին ցուցադրվել Է «Հոլիվուդյան եզրափակիչը» և 2011 թվականին՝ «Կեսգիշերը՝ Փարիզում» ֆիլմերը: Նոր կինոնկարը մասնակցում է Կաննի արտամրցութային ծրագրին:
Ալենի նոր ֆիլմը ներկայացնում է մի երիտասարդի պատմություն, որը 1930-ականներին Հոլիվուդ է ուղևորվում կինոարտադրությանը հաղորդակից դառնալու հույսով: Ֆիլմում նկարահանվել են Քրիստեն Սթյուարտը, Ջեսի Այզենբերգը և այլք։
Կաննի 69-րդ փառատոնը Ֆրանսիայում տեղի կունենա մայիսի 11-ից 22-ը: Այս տարի ժյուրիի նախագահը կլինի ամերիկացի ռեժիսոր Ջորջ Միլերը: Փառատոնի ծրագիրը Փարիզում կհայտարարվի ապրիլի 14-ին։







































