Մինչ իշխանությունը պնդում է, որ ընտրացուցակների հրապարակումը հակասում է Սահմանադրության դրույթներին, ընդդիմադիր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն ու քաղհասարակության ներկայացուցիչները շարունակում են պայքարել դրանց հրապարակման համար՝ պնդելով, որ հենց ընտրացուցակների գաղտնիության ետևում է թաքնված ընտրակեղծարարության գլխավոր գործիքը:
«Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ փաստաբան Տիգրան Եգորյանը մանրամասնում է՝ իրենք ոչ միայն չեն կիսում իշխանության ներկայացուցիչների մոտեցումները, այլև հրապարակավ վիճարկել են Վենետիկի հանձնաժողովի այն խորհրդատվությունը, որին հղում կատարելով՝ Հայաստանը և Ադրբեջանը գաղտնիացրել են ընտրողների ցուցակները:
Եգորյանի խոսքով՝ այսօր ունենք այնպիսի իրավիճակ, երբ Վենետիկի հանձնաժողովը հայտարարում է, որ ընտրացուցակների գաղտնիությունը պարտադիր դրույթ չէ՝ այն դեպքում, երբ պետությունը չի կարողանում ապահովել ընտրողների իրավունքը արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով: Նա հավելեց, որ նույն դիրքորոշումն ունեն նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները:
Եգորյանը վստահ է՝ անձնական տվյալների գաղտնիության բաղադրիչը հորինվել է միայն մեկ նպատակով՝ գաղտնիացնելու ընտրացուցակները:







































