Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայում մի շարք ՀԿ-ներ Պատգամավորների կոնգրեսին (խորհրդարանի ստորին պալատ) են հանձնել ավելի քան 100.000 ստորագրություն, որով կառավարությունից պահանջել են չաջակցել փախստականների խնդրի վերաբերյալ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև համաձայնագրին։
Նրանք ընդգծել են, որ այդ համաձայնագիրը, եթե դրան աջակցի Իսպանիան, կարող է լուրջ հիմք դառնալ՝ մարդու իրավունքների խախտման և Իսպանիայի կողմից իր միջազգային պարտավորությունները չկատարելու համար։
Ընդգծվել է, որ Թուրքիայի առաջարկած համաձայնագիրն ընդունելով ԵՄ-ն դրանով իսկ խախտում է միջազգային իրավունքի մի շարք բազային սկզբունքներ։ 100.000 ստորագրությունը հավաքվել է կարճ ժամանակում՝ 6 օրում, ինչը վկայում է, որ Իսպանիայի քաղաքացիական հասարակությունը կտրականապես դեմ է հանդես գալիս այդ ապօրինի և ոչ բարոյական համաձայնագրին, և որ Իսպանիան պետք է արգելափակի այդ համաձայնագիրը։







































