Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կողմերի ձեռքում է, այլ ոչ թե միջազգային միջնորդների: Այդուհանդերձ, Ռուսաստանը հետևողականորեն աշխատում է լուծմանն օժանդակելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը`փոխանցում է RIA Novosti-ն։
«Իսկապես, գոյություն ունեցող միջազգային ձևաչափերում Ռուսաստանը, լինելով այդ ձևաչափերի պատասխանատու մասնակիցը, շարունակում Է (ԼՂ հակամարտության կարգավորման) աշխատանքը»,- ասել է նա՝ նշելով, որ «դա ոչ թե մեկանգամյա ջանք է, այլ հետևողական ուղեգիծ»: «Բայց ինչ-ինչ վերջնական որոշումներ, վերջնական նախաձեռնություններ կարող են առաջադրել միայն հակամարտության կողմերը»,-հավելել է Պեսկովը: «Ո՛չ միջազգային միջնորդները, ո՛չ Ռուսաստանը, չեն կարող Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն կարգավորել հակամարտությունը»,-հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի նրա պաշտոնակից Վլադիմիր Պուտինը մարտի 10-ին Կրեմլում կայացած բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:







































